Կրթական նոր մոդելներ և մոտեցումներ․ Բացվել է Դիլիջանի կենտրոնական դպրոցը

Կրթական նոր մոդելներ և մոտեցումներ․ Բացվել է Դիլիջանի կենտրոնական դպրոցը

PanARMENIAN.Net - Դիլիջանում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ Դիլիջանի կենտրոնական դպրոցի բացման արարողությունը, որը ոչ միայն կրթական համակարգում, այլ նաև Դիլիջանի համայնքային զարգացման գործում ևս մեկ կարևոր ներդրում է: Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով շրջայց կատարեց նորաբաց ուսումնական հաստատությունում, ծանոթացավ պայմաններին, ուսումնական ծրագրերին ու երեխաների բազմակողմանի զարգացումն ապահովելու նպատակով մշակված դասավանդման մեթոդաբանությանը:

Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծել է «Այբ» կրթական հիմնադրամը՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ գործակցության արդյունքում։ Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված 1-9-րդ դասարանցի մինչև 160 աշակերտի համար։ «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը հիշեցրեց, որ «Այբ» դպրոցի մշակած կրթական ծրագիրը կրթության գերազանցության ազգային ծրագրով տարածվելու է ամբողջ Հայաստանի տարածքով:

«Դիլիջանի կենտրոնական դպրոցում ամեն ինչ՝ ուսուցում, մեթոդաբանություն, անգամ՝ շենքի ճարտարապետական լուծումներ, լիովին համահունչ են Հիմնադրամի ջանքերով ստեղծված՝ Երևանի «Այբ» դպրոցներին։ Այստեղ հիմնականում սովորելու են Դիլիջանի երեխաները, և քանի որ դպրոցը սոցիալական ծրագիր է, ընդունվելը որևէ կապ չունի երեխայի ֆինանսական հնարավորությունների հետ»,- ասաց նա։

Արամյանի խոսքով՝ գործում է կրթաթոշակային ֆոնդ, ինչը թույլ է տալիս 100 տոկոսով երեխաներին ապահովել կրթաթոշակով: Դիլիջանի դպրոցում ուսումն ամբողջովին ֆինանսավորվում է Կենտրոնական բանկի կողմից։

«Մեր նպատակն է լավագույն կրթության հնարավորություն տալ հայ երեխաներին, որպեսզի Հայաստանն ունենա ուսյալ և գիտելիքով զինված երեխաներ, որպեսզի նաև դրանով հնարավոր լինի ապահովել երկրի պայծառ ապագան։ Նման որակի կրթությունը պետական աջակցության շնորհիվ հասանելի է դառնալու Հայաստանի ողջ տարածքի երեխաների համար: Պետությունն այժմ ստանձնում է այդ առաքելությունը, որպեսզի որակյալ կրթությունը հասանելի դարձնի հանրապետության ողջ տարածքում»,- հավելեց «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիրը։

Արամյանը շեշտեց, որ մինչև 2019-ը կլինեն «Այբ» դպրոցներ բոլոր մարզկենտրոններում, Արցախում, ևս երկուսը՝ Երևանում: Իսկ մինչև 2023-ը «Այբ»-ի կրթական տեխնոլոգիաները մուտք են գործելու բոլոր ավագ դպրոցներ մեկական հոսքային դասարանով: Դա հնարավորություն կտա բոլոր մոտիվացված, սովորելու մեծ ցանկություն և կրակ ունեցող երեխաներին իրենց ցանկությունները կյանքի կոչելու։ Իր գաղափարախոսությամբ և տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղաքականությամբ Դիլիջանի կենտրոնական դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ։ «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար։

Փորձառու ուսուցիչներ, կրթական նոր մոդելներ և մոտեցումներ, երեխայի բազմակողմանի զարգացումն ապահովող առարկայացանկ, լուսավոր և ընդարձակ լսարաններ՝ հագեցած ուսումնական տեխնիկայով և հարմար կահույքով․ այսպիսին է Դիլիջանի կենտրոնական դպրոցը։

Դիլիջանի կենտրոնական դպրոցի տարածքում է տեղակայված նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում ստեղծված ֆաբլաբը՝ գիտաարդյունաբերական լաբորատորիան, որը ծառայելու է ինչպես դպրոցի աշակերտներին, այնպես էլ Դիլիջանի և հարակից քաղաքների աշակերտներին, ուսանողների և ստեղծագործողներին։

Շրջայցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրեցին, որ ներկայումս դպրոցում սովորող 119 աշակերտի ավելի քան 80% Դիլիջանից է։ Դպրոցի աշխատակիցների 24%-ը ևս Դիլիջանից է, 22%-ը Երևանից Դիլիջան է տեղափոխվել ընտանիքներով, աշխատակիցների 13%-ը Հայաստանի այլ մարզերից են, մնացած աշխատակիցները համատեղում են աշխատանքը Երևանում և Դիլիջանում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---