Չինաստանում հանձնարարվել է ուսումնասիրել Իրան-ՀՀ երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորումը

Չինաստանում հանձնարարվել է ուսումնասիրել Իրան-ՀՀ երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորումը

PanARMENIAN.Net - Չինաստանի վարչապետը կոմերցիայի գծով փոխնախարարին ու Հայաստան-Չինաստան տնտեսական գործակցության հանձնաժողովի համանախագահին հանձնարարել է կոորդինացնել Իրան–Հայաստան երկաթգծի կառուցման շուրջ հարցերը: Այս մասին Կառավարության սեպտեմբերի 25-ի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` անդրադառնալով վարչապետի և Կառավարության անդամների Չինաստան կատարած այցի արդյունքներին:

Նրա խոսքով՝ հանձնարարվել է նաև հայկական կողմի հետ համաձայնեցնելով ուսումնասիրել երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորումները, այն ապրանքների ծավալները, որոնք կարող են տեղափոխվել երկաթուղու միջոցով:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 22-ին Պեկինում հանդիպել է ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: Վարչապետները մանրամասն քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը: Քեցյանը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունը այս հարցում: Նա պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար և այլ ոլորտներում:

«Հանդիպումներին միաժամանակ նշվել է, որ սա «Մետաքսի մեծ ճանապարհի» հիմնական և կոնկրետ՝ պատմական հատվածն է: Իրան-Հայաստան երկաթուղու հիմնական «մեխն» այն է, որ դրա միջոցով Չինաստանը կապվի Եվրոպայի հետ», - ասել է նախարարը, մեջբերում է Panorama.am-ը:

Հարցին, թե կոնկրետ ժամկետներ նշվե՞լ են չինական կողմից, Ճշմարիտյանն ասել է, որ տեխնիկատնտեսական հիմնավորման ու շահութաբերության գնահատման վերաբերյալ աշխատանքների ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի: «Եթե գտնի, որ այն շահութաբեր է, ապա Չինաստանը երկաթուղու կառուցումը կսկսի ֆինանսավորել»:

Նախարարը հիշեցրել է, որ երկաթուղու հայկական կողմի հատվածի շինարարության համար անհրաժեշտ է $3.2 մլրդ:

Դեռևս հունիսին չինական Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպությունը (CCECC) ցանկություն է հայտնել մասնակցել ՀՀ հարավային երկաթուղու կառուցմանը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է CCECC խորհրդի նախագահ Վու Վանլիանգին և ընկերության ներկայացուցիչներին: Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակից դառնալուՀայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին: Չինական կողմը ներկայացրել է ծրագրի ֆինանսավորման հնարավոր մի քանի մեխանիզմներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկաթուղու կառուցման վերաբերյալ մի շարք այլ հարցեր: Կողմերը հանգամանալից քննարկել են «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացման առանձնահատկությունները: Երկուստեք ընդգծվել է երկաթուղու կառուցման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ի պետական այցովՉԺՀ-ում էր գտնվում: Նախագահը հայտարարել էր, որ Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում:

Դեռևս 2013-ի դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հստակ ժամանակացույցի մասին հարցին, նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել ճանապարհի Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: «Եթե ներդնողներ լինեն և հնարավոր լինի կառուցել ճանապարհի հայաստանյան հատվածը, հետագայում Վրաստանի ու Ռուսաստանի հետ կապելու հեռանկարով, մենք պատրաստ ենք մեր բյուջեի միջոցներով կառուցել մեր հատվածը: Մենք նաև պատրաստ ենք մեր փորձը կիսել, քանի որ Իրանը ինժեներատեխնիկական մեծ հնարավորություններ ունի ու երկաթուղիների կառուցման մեծ փորձ»,-ասել էր դեսպանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---