ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է լարվածությունը շփման գծում՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել

ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է լարվածությունը շփման գծում՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (ՌԴ-ից դեսպան Իգոր Պոպովին, ԱՄՆ-ից դեսպան Ջեյմս Ուորլիքին և Ֆրանսիայից դեսպան Պիեր Անդրիոյին) և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Կասպրշիկին։ Այդ մասին տեղեկացնում է ԵԱՀԿ-ի կայքը:

Դեսպանները տեղեկացրել են Դաչիչին շփման գծում վերջին բռնությունների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ ունեցած բանակցությունների մասին։

Նա խստորեն դատապարտել է լարվածության վերջին սրումը ՝ կոչ անելով բոլորին առավելագույն զսպվածություն դրսևորել և աշխատել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Դաչիչը հայտնել է, որ պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի և դեսպան Կասպշիկի աշխատանքին և վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև կարգավորման համար բանակցային գործընթացի առաջխաղացման և վստահության ամրապնդման վերաբերյան նրանց կոչը։

ԵԱՀԿ նախագահը նշել է, որ երկու երկրների նախագահների նախատեսվող հանդիպումն այդ ուղղությամբ լավ քայլ կլինի։

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:Իսկ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Նույն օրը հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց ևս մեկ զոհի և 3 վիրավորի մասին:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (51 արկ) և կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ (30 արկ):

Սեպտեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ուղիների որոնմանն ու արդեն ձեռք բերված որոշումների իրականացմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես էր եկել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման վերաբերյալ հայտարարությամբ: Դրանում նշվում էր, որ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը առանձին ու համատեղ հանդիպումներ անցկացրին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Նալբանդյանն ու Մամեդյարովը համաձայնվեցին աշխատել մինչև տարեվերջ պլանավորված երկու նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:

Համանախագահները կոչ արեցին երկու երկրի նախագահներին ընդունել ԵԱՀԿ առաջարկած շփման ռեժիմի խախտման միջադեպերի քննության մեխանիզմը, այլապես կողմերը շարունակելու են մեղադրել իրար իրավիճակի սրման պատասխանատվության համար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---