ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին նախապես հայտարարված կորուստներից բացի տվել է ևս 6 զոհ

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին նախապես հայտարարված կորուստներից բացի տվել է ևս 6 զոհ

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած հերթական առճակատման արդյունքում ադրբեջանական կողմը տվել է 3, իսկ հայկական կողմը` 7 կորուստ, ոչ միայն չէր համապատասխանում իրականությանը, այլև իր սովորության համաձայն, պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել ղարաբաղյան կողմին:

Ինչպես հայտնի է դարձել պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալներից, բացի արդեն նախօրեին հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է ևս 6 կորուստ` Շահիյար Ալի օղլու Ույադով (զորակոչվել է 13.01.2015), Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով (զորակոչվել է 28.04.2015), Նիջաթ Մեհման օղլու Յարաև (զորակոչվել է 08.12.2014), Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով (զորակոչվել է 08.12.2014), Էլվին Մուշրու օղլու Յուսուֆով (զորակոչվել է 15.12.2014) և Սամիր Սաբիր օղլու Ահմեդով (զորակոչվել է 18.07.2014):

«Կատարվածը ցույց է տալիս, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները` սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու և ընտրած հանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով», ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարույթունում:

Չնայած վերոնշված կորուստների փաստին, հակառակորդը սեպտեմբերի 28-ին և լույս 29-ի գիշերը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (76 արկ), 82 (31 արկ), և 120մմ (5 արկ) ականանետերից ու ՀԱՆ-17 (15 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (11 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (51 արկ) և կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ (30 արկ): /i>

Համանախագահները կոչ արեցին երկու երկրի նախագահներին ընդունել ԵԱՀԿ առաջարկած շփման ռեժիմի խախտման միջադեպերի քննության մեխանիզմը, այլապես կողմերը շարունակելու են մեղադրել իրար իրավիճակի սրման պատասխանատվության համար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---