Արգենտինյան նահանգը փաստաթղթով սատարել է ապրիլի 24-ը Հանդուրժողության օր հայտարարող օրենքին

Արգենտինյան նահանգը փաստաթղթով սատարել է ապրիլի 24-ը Հանդուրժողության օր հայտարարող օրենքին

PanARMENIAN.Net - Արգենտինայի Միսիոնես նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով հավանություն է տալիս ապրիլի 24-ը Հանդուրժողության և հարգանքի օր հռչակող դաշնային օրենքին:

Ապրիլի 24-ը նշվելու է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Օրենքն ընդունվել է մարտի 18-ին, ուժի մեջ է մտել սեպտեմբերի 3-ին, հայտնում է Asbarez-ը:

Արգենտինան ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը 2004-ին: Երկիրն անվանդաբար սատարում է Ցեղասպանության փաստի ճանաչման ջանքերին: Այդպես, Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի շեմին Արգենտինայի խորհրդարանի Վերին պալատը բանաձև ընդունեց` դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Բանաձևն ընդունվեց սենատորներ Դանիել Ֆիլմուսի, Ռուբեն Ժուստինիանի և Սոնիա Էսկուդերոյի ներկայացմամբ: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Ապրիլի 24-ին ընդառաջ, երբ նշվում է Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. իրականացված մարդկության դեմ ոճրագործության 96-րդ տարելիցը, Ազգային սենատը վերահաստատում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հանդուրժողության և ժողովրդների միջև հարգանքի օրվա մասին որոշումը: Բանաձևում ասվում է նաև, որ Ազգային սենատը դատապարտում է ցեղասպանության բոլոր ակտերը և ցեղասպանությունների ժխտման դրսևորումները` համերաշխություն հայտնելով Արգենտինայի հայ համայնքին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության 2014թ. մայիսի 6-ի որոշմամբ՝ մայրաքաղաքի Պալերմո թաղամասում անվճար տարածք հատկացվեց Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար: Հունիսի 10-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և Հայ կենտրոնի ու Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը:

Իր հերթին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները 2015-ի ապրիլի 14-ին հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ և համերաշխություն հայտնեց հայ ժողովրդի հետ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---