Եվրոպայի հայկական ֆեդերացիան ԵԱՀԿ-ից պահանջում է նշել, որ հրադադարը խախտողը Ադրբեջանն է

Եվրոպայի հայկական ֆեդերացիան ԵԱՀԿ-ից պահանջում է նշել, որ հրադադարը խախտողը Ադրբեջանն է

PanARMENIAN.Net - Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (The European Armenian Federation for Justice and Democracy, EAFJD)՝ եվրոպական ինստիտուտներում հայկական ծագմամբ եվրոպական երկրների քաղաքացիներին ներկայացնող ոչ կառավարական կազմակերպությունը, բողոքի նամակ է հղել ԵԱՀԿ-ին՝ խահանջելով, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն օբյեկտիվորեն նշեն, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի համաձայնագիրը և խոչընդոտում է խաղաղության հաստատման կառուցողական գործընթացին:

«Մենք համոզված ենք, որ ՄԽ-ն, ընդհանուր հայտարարություններ անելով և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարություն դնելով կողմերին հրադադարի խախտման դեպքերը դադարեցնելու կոչ հղելով, խեղաթյուրում է իրականությունը, ստեղծում է սխալ հանրային կարծիք և իրականում խրախուսում է Ալիևի ռեժիմին իր վտանգավոր խաղը շարունակել, որը նա խաղում է նաև իր սեփական քաղաքացիների կյանքերի հաշվին։ Ակնհայտ է, որ եթե նոր պատերազմ սկսվի ներկա պայմաններում՝ այդ իրավիճակի պատասխանատուն կլինեն Ադրբեջանի իշխանությունները»,- ասված է ֆեդերացիայի նամակում, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը։

Ֆեդերացիան կոչ է անում օբյեկտիվորեն նշել, որ Ադրբեջանն է շարունակում հրադադարի խախտման փորձերը, «հակառակ դեպքում՝ ԵԱՀԿ-ն նույնպես կկիսի պատասխանատվությունը, եթե նոր պատերազմ սկսվի Լեռնային Ղարաբաղում»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 25-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որում մտահգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական շրջաններում ծանր զենքի կիրառման կապակցությամբ: «Մենք չգիտենք՝ ինչից է ծագել լարվածությունը, քանի որ կողմերը շարունակում են մեղադրել իրար, սակայն նրանք պետք է աշխատեն նման միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ, ինչը քննարկվել է երկու երկրների նախագահների միջև», - ասված է հայտարարությունում:

Վերջին շրջանում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված է:

Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից (1566 արկ), 82մմ ականանետից (733 արկ), 120մմ ականանետից (51 արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168 արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---