Իգդիրի մուտքի կամարին տեղադրված հայերեն գրությունները վնասվել են

Իգդիրի մուտքի կամարին տեղադրված հայերեն գրությունները  վնասվել են

PanARMENIAN.Net - Թուրքիայում անհայտ անձիք հարձակվել ու վնասել են Իգդիրի Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքի կամարին տեղադրված հայերեն «Բարով եկաք» և «Ցտեսություն» գրության տառերը:

Այս մասին տեղեկացնող թուրքական İhlas լրատվական գործակալությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարձակվողները քաղաքապետարանի նախաձեռնած քառալեզու (թուրքերեն, քրդերեն, անգլերեն, հայերեն) գրության վրայից պոկել են միայն հայերեն տառերը, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունը՝ Asimder-ը, պահանջում է հեռացնել Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջաքաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը:

Սեպտեմբերին Թուզլուջա քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ են ամրացվել: Asimder-ը պահանջել է հեռացնել ցուցանակների հայատառ գրությունը՝ պնդելով, թե իբր 1915-20-ը Թուզլուջայում հայերի կողմից մահմեդականներ են սպանվել: Ուստի հայատառ գրությունը նպատակահարմար չէ:

Հոկտեմբերի 14-ին ոստիկանությունը մատնահետքեր է վերցրել վնասված տառերից ու հետաքննություն սկսել:

Սեպտեմբերի 22-ին «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությan` Asimder-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը, իբրև բողոքի նշան, Իգդիրում գտնվող կազմակերպության կենտրոնական գրասենյակի շենքին վեց մետրանոց Ադրբեջանի դրոշ է փակցրել: Նա նշել է, որ իրենք պաշտոնական գրություն են ուղարկել կառավարություն, ներքին գործերի նախարարություն և Իգդիրի նահանգապետարան` պահանջելով վերանայել հարցը:

Գյուլբեյը մեղադրել է նաև քառալեզու ցուցատախտակի (այդ թվում` հայերեն) նախաձեռնության հեղինակ Թուզլուջայի ազգությամբ քուրդ համաքաղաքապետին քուրդ բնակչությունից ստացած քվեներով ձեռք բերած իշխանությունը ի շահ հայերի ծառայեցնելու մեջ:

Թուրքական Sozcu.com կայքում հրապարակվել է թուրք-ադրբեջանական բարեկամական միությունների ֆեդերացիայի նախագահ Սերդար Ունսալի հայտարարությունը, ով նույնպես դեմ է հանդես եկել վերոհիշյալ հայատառ պաստառի տեղադրմանը:

Թուրքիայում գործող «Իգդիրը Ադրբեջանի տուն» անվամբ միությունը ավելի վաղ նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ընդդեմ վերոնշյալ հայերեն գրության:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---