Օհանյանը Չեխիայում այցելել է ռազմարդյունաբերական համալիր, մասնակցել երկկողմ բիզնես ֆորումին

Օհանյանը Չեխիայում այցելել է ռազմարդյունաբերական համալիր, մասնակցել երկկողմ բիզնես ֆորումին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն:

Նույն օրը նախարարն այցելել է չեխական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, ներկա է գտնվել տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների հայ-չեխական բիզնես ֆորումի բացման արարողությանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակը 2010-ի մարտի 26-ին ստորագրեցին համաձայնագիր ռազմական գործակցության մասին:

Հայ-չեխական ռազմական գործակցությունը հիմնվում է ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձեւաչափի վրա, քանի որ Չեխիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, այդ կառույցի գործընկեր երկրների համար վարժանքներ կազմակերպելու փորձ ունի:

Հոկտեմբերի 13-ին կայացել են նաև նախարարի հանդիպումները երկրի իր պաշտոնակցի և խորհրդարանի Ստորին պալատի փոխնախագահի հետ:

Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստորպնիցկու հետ հանդիպման ժամանակ կողմերը երկուստեք ընդգծել են քաղաքական և տնտեսական ոլորտներում հայ-չեխական կապերի դինամիկ զարգացումը, նշելով, որ փոխադարձ շահագրգռվածության և պատրաստականության հետ միասին դրանք, ստեղծել են նաև պաշտպանության ոլորտում գործնական գործակցություն զարգացնելու նախադրյալներ: Որպես երկկողմ գործակցության խոստումնալից ոլորտներ, մատնանշվել են ռազմական արդյունաբերությունը, կրթությունը, բժշկությունը, իրավապահությունը, ինչպես նաև հումանիտար ականազերծումն ու կիբերանվտանգությունը:

Չեխիայի խորհրդարանի Ստորին պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հետ հանդիպմանը Օհանյանն ու իր չեխ զրուցակիցը կարծիքներ են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, փոխադարձ կարևորել են երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում գործակցությունը պլանային հիմքերի վրա դնելու նպատակահարմարությունը:

Հոկտեմբերի 14-ին Օհանյանը կայցելի Չեխիայի ազմարդյունաբերական համալիրի այլ ձեռնարկություններ և Բռնո քաղաքում տեղակայված Չեխիայի պաշտպանական համալսարան:

1993-ին ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխիայի Հանրապետության հետ: 2014-ի սեպտեմբերին Երևանում կայացել է տնտեսական գործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---