ՀՀ ԱԳ նախարար. ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների սելեկտիվ կիրառումն անընդունելի է

ՀՀ ԱԳ նախարար. ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների սելեկտիվ կիրառումն անընդունելի է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյանը մասնակցել է ‪Աստանայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Ելույթ ունենալով նիստում` Նալբանդյանը խոսել է ահաբեկչական խմբավորումների դեմ համակարգված պայքարի անհրաժեշտության մասին: «Առաջնային խնդիր է այսպես կոչված «օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների» երևույթի կանխարգելման նպատակով համատեղ աշխատանքը», ասել է նա:

Իր ելույթում նախարար Նալբանդյանն անդրադարձել է Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագծին։ Նա կարևորել է ՄԱԿ առաջնորդող դերը աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման գործում։

Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների կողմից հայտարարության ընդունումը վկայում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության մասին։ «Կարծում ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ուղղակի կամ անուղղակի խախտումը, դրանց սելեկտիվ կիրառումը, միակողմանի պատժամիջոցները, այդ թվում` շրջափակումը, այլ երկրների հաշվին սեփական անվտանգության ամրապնդումը, անընդունելի են»,- ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել ու հավանություն են տվել ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ երկու տասնյակից ավել փաստաթղթերի նախագծերի:

Նիստի ընթացքում համաձայնեցվել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ, քննչական, արտակարգ իրավիճակների, անչափահասների իրավունքների պաշտպանության, մշակութային և կրթական բնագավառներում փոխգործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության են արժանացրել Չերնոբիլի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների ուղերձի նախագիծը։

ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել ԱՊՀ 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի նախագծին:

Ինչպես լրագրողներին են հայտնել ԱՊՀ Գործկոմի մամուլի ծառայությունում, նախագծով նախատեսվում է մոտ 25 միջոցառում անցկացնել: Մասնավորապես` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստ, միջազգային գիտագործնական կոնֆերանս, ԱՊՀ անդամ երկրների շրջանների համաժողով, միասնական դաս ԱՊՀ անդամ երկրների կրթական հաստատություններում:

Նիստում քննարկվել են նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հայտարարությունների նախագիծը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ և ՄԱԿ 70-րդ ստեղծման հոբելյանի կապակցությամբ:

Նիստում նաև քննարկվել են ռազմական գործակցության տարբեր ասպեկտներ: Մասնավորապես, հավանության է արժանացել ԱՊՀ անդամ պետությունների Ռազմական գործակցության հայեցակարգի նախագիծը մինչև 2020 թ. Անդրադարձ է եղել նաև հումանիտար ոլորտին, մասնավորապես, հավանության է արժանացել ԱՊՀ անդամ երկրների Միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության նախագիծը:

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհուրդը նաև հավանություն է տվել մինչև 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգի նախագծին:

Ինչպես ՏԱՍՍ-ին է հայտնել ԱՊՀ Գործկոմի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՄԱԿ ստեղծման 70-ամյակի վերաբերյալ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագծում ասվում է, որ «տեղի ունեցող գլոբալիզացիայի, նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, առաջին հերթին` կրոնական ծայրահեղականությունը, ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը պահանջում են, որ ՄԱԿ-ն արձագանքի նոր իրողություններին»:

ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2016-ի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---