Բրայզան հոռետես է Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման հարցում. Բեկում ակնկալել պետք չէ

Բրայզան հոռետես է Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման հարցում. Բեկում ակնկալել պետք չէ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը որևէ արդյունք չի տա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի գծով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Տալլինի Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Ըստ նրա, առաջիկա հանդիպումից հետո բեկման սպասել պետք չէ: «Անհնար է հասնել խաղաղության, քանի դեռ կողմերի միջև բացակայում է վստահությունը: Ես ոչ մի շանս չեմ տեսնում, որ հանդիպումն արդյունավետ կլինի, սակայն, այն պետք է կայանա, որպեսզի հնարավոր լինի սկսել վստահություն կառուցել, ինչն ինքնին բարդ ու տևական գործընթաց է»,-ասել է Բրայզան:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ «ամենաբարձր մակարդակի հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտություն է զգացվում` հակամարտության խաղաղ կարգավորման լուծում գտնելու համար»:

Ըստ նրա, լարվածության մակարդակը տարածաշրջանում բարձր է, և ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշացնում է կողմերին նոր սրացմանը միտված քայլերից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:

«Համանախագահները կայցելեն տարածաշրջան ամսվա վերջում, հանդիպելու համար նախագահներին ու նախապատրաստելու հաջորդ գագաթնաժողովը: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կարող է նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը և իր ավանդը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման մեջ»,-ասել է նա:

Ինչպես նշել է Բրայզան, Ռուսաստանը «շահագրգռված չէ հակամարտության հանգուցալուծման մեջ, նրան ձեռնատու է «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը, որը թույլ է տալիս կողմերին մանիպուլացիայի ենթարկել»:

«Պատերազմ Ռուսաստանին նույնպես հարկավոր չէ, սակայն առաջխաղացման շանս այս պահին չկա»,-ասել է նա: Ըստ նրա, ստեղծված իրավիճակում «Ադրբեջանը պետք է շարունակի երկրի ամրապնդման կուրսը, օգտվի նավթի գների անկումից որոշ բարեփոխումներ իրագարծելու համար, ավելացնի տնտեսության արդյունավետությունը»:

Իսկ Հայաստանն, ըստ Բրայզայի, պետք է նվազեցնի իր կախվածությունը ՌԴ-ից, ռուսական ներդրումներից ու էներգետիկայից:

Մեթյու Բրայզան 2005-2009թթ. եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ կողմից: Զուգահեռ 2005-ի հուլիսից զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական ու եվրասիական հարցերով օգնականի պաշտոնը: Զբաղվել է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերով: 2011-ի փետրվարից 2012-ի հունվար` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: 2012-ի հունվարին թողել է դիվանագիտական ծառայությունն այն բանից հետո, երբ Սենատը մերժել է նրա վերանշանակումն այս պաշտոնում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---