16 մլն դրամ՝ Այգեհովիտում հակառակորդի կրակոցների պատճառով բերքահավաք չիրականացրած գյուղացիներին

16 մլն դրամ՝ Այգեհովիտում հակառակորդի կրակոցների պատճառով բերքահավաք չիրականացրած գյուղացիներին

PanARMENIAN.Net - Գործադիրի հոկտեմբերի 29-ի որոշմամբ Կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքին կհատկացվի 16 մլն 100.000 դրամ՝ ռմբակոծության հետևանքով համայնքի բնակիչներին խաղողի այգիներում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցելու համար:

Վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական շփման գծում, առանձնապես Այգեհովիտ գյուղի մոտ, դիտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ակտիվություն:

Այգեհովիտ գյուղում ավարտվել է խաղողի բերքահավաքը, բացառությամբ 46 տնտեսության, քանի որ հակառակորդը կրակի տակ է պահում նշված տնտեսություններին պատկանող այգետարածքները և խոչընդոտում բերքահավաքի աշխատանքներին:

Այդ համայնքի բնակիչների խաղողի 22.62 հա այգետարածքների ընդհանուր վնասը կազմում է 16 մլն 100.000 դրամ (115 տոննա խաղողի բերքը հաշվարկված է 140 դրամ մթերման գնով):

Կարևորելով ընդունված որոշումը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանապահ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են. «Գործնականում հնարավոր չի եղել խաղողի բերքը հավաքել, դրա համար կառավարության պահուստային ֆոնդից փոխհատուցում ենք այդ բերքի արժեքը»:

Տավուշի մարզի Պառավաքար գյուղում սեպտեմբերի 28-ին հակառակորդի կրակոցից գյուղի բնակիչներից մեկը վնասվածք է ստացել խաղողի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս:

Սեպտեմբերի 24-ին հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծության հետևանքով գյուղացիներին և համայնքային սեփականությանը պատճառվել են խոշոր չափերի նյութական վնասներ։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---