Արա Գյուլերի լուսանկարները` «Ֆոտոստամբուլ» փառատոնում

Արա Գյուլերի լուսանկարները`  «Ֆոտոստամբուլ» փառատոնում

PanARMENIAN.Net - Ստամբուլում այս օրերին ընթանում է լայնամասշտաբ լուսանկարչական միջոցառումը՝ Բեշիքթաշի երկրորդ միջազգային լուսանկարչական փառատոնը, որը նաև հայտնի է «Ֆոտոստամբուլ» անվամբ: Փառատոնին մասնակցում է մոտ 60 լուսանկարիչ` ԱՄՆ-ից, Ասիայից , Եվրոպայից և Թուրքիայից:

«Ֆոտոստամբուլ»-ի հիմնական թեման այս տարի «Այլ կյանքեր»-ն է: Ցուցադրություններից մեկը ներկայացված է Բեշիքթաշի Բահչեշեհիր համալսարանի հարևան փողոցում՝ բացօթյա պայմաններում և հատուկ վագոններում:

«Հյուրիյեթ»-ի սյունակագիր Դողան Հըզլանի վկայությամբ՝ փողոցի անմիջապես մուտքի մոտ տեղադրված է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի մի քանի մետր բարձրությամբ, փայտից հսկայական պատկերը: Իսկ փողոցում ցուցադրված է Գյուլերի «Կորուսյալ Ստամբուլ» խորագրով լուսանկարների շարքը՝ Ստամբուլի համայնապատկերներով, գրում է Ermenihaber.am-ը:

«Հարգանք վարպետներին» նախաձեռնության շրջանակում այս տարի փառատոնի ընթացքում ուրույն տեղ է հատկացվել լուսանկարչին: Բացի այն, որ կազմակերպված համապարփակ ցուցահանդեսում կարելի է դիտել նաև Գյուլերի մինչ այս անհայտ, չցուցադրված աշխատանքները, նրա լուսանկարների վերաբերյալ նաև հատուկ ժողով -քննարկում է կազմակերպվել:

Ցուցահանդեսում տեղ է գտել նաև Դիանա Մարկոսյանի՝ հայ ծերունուն պատկերող լուսանկարը, որը ազգայնական թեմաներով նրա աշխատանքների խորհրդանիշն է:

Բացի այս, ներկայացված են լուսանկարիչներ Սինան Քըլըչի, Սերքան Չոլաքի, Սըթքը Քյոսեմենի, Ժոզեֆ Կուդելկայի աշխատանքները՝ պատերազմների, դրանց թողած հետևանքների ու ազդեցությունների, ավերակների և նմանատիպ թեմաներով աշխատանքները: Բեշիքթաշյան այս ցուցադրության շրջանակներում արծարծվում են նաև կանանց իրավունքներին, նրանց հասարակական դիրքին առնչվող թեմաներ:

Փառատոնի շրջանակում նախատեսված է 48 ցուցահանդես, 15 կլոր սեղան և քննարկում, 80 լուսանկարչական ցուցադրություն և մի շարք այլ մշակութային միջոցառումներ:

Բեշիքթաշի թաղապետարանի կողմից կազմակերպված միջոցառումը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին և կավարտվի նոյեմբերի 8-ին: Փառատոնը կազմակերպվել է անմիջապես քաղաքի փողոցներում ու հրապարակներում՝ բաց երկնքի տակ, ինչպես նաև՝ Օրթաքյոյի մանկատանն ու մշակույթի կենտրոնում:

«Ֆոտոստամբուլ 2»-ին մասնակցել են մոտ քսան այլազգի ականավոր լուսանկարիչներ, որոնց թվում՝ Ժոզեֆ Կուդելկան, Անդերս Պետերսենը, Աթթա Քիմը, Ստենլի Գրինը:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝1928-ին, հայերի ընտանիքում: 1950-ից սկսել է աշխատել Yeni Istanbul թերթում`զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: Գյուլերը լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական Legion d’ honneur, 2005թ.` թուրքական Grand prize of culture and art, 2009թ.` Նյու Յորքի Lucie Award մրցանակներով:

2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում էր: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էր աշխարհի տարբեր վայրերում արված մոտ 100 լուսանկար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---