ԵՄ-ն 24 մլն եվրո կհատկացնի ՀՀ-ին հիմնականում նոր համաձայնագրի նախապատրաստման համար

ԵՄ-ն 24 մլն եվրո կհատկացնի ՀՀ-ին հիմնականում նոր համաձայնագրի նախապատրաստման համար

PanARMENIAN.Net - 2016 թվականին Հայաստանը Եվրամիությունից ընդհանուր առմամբ 37 միլիոն եվրոյի դրամաշնորհ կստանա, որից 24 միլիոն եվրոն նախատեսված է որպես բյուջետային աջակցություն: Այդ մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը Եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային ու բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016-ի պետբյուջեի քննարկման ժամանակ:

Պավել Սաֆարյանը հավելել է, որ կառավարությունը կորոշի, թե ինչպես ծախսել գումարը, 13 միլիոն եվրոն կուղղվեն կոնկրետ ծրագրերի. «13 միլիոն եվրոն նպատակային դրամաշնորհներ են, ի տարբերություն բյուջետային աջակցության դրամաշնորհի, սրանք տրվում են կոնկրետ նպատակներով, այսինքն՝ այլ ուղղությամբ սա հնարավոր չէ օգտագործել»,- պարզաբանել է Սաֆարյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սեպտեմբերին Եվրամիությունը ԵՀ-ին Հայաստանի հետ նոր իրավական բազայի վրա նոր համաձայնագիր կնքելու մանդատ է տրամադրել: Այս շրջանակային փաստաթուղթը կոչված է փոխարինելու Ասոցացման մասին համաձայնագիրը, որը Երևանն ու Բրյուսելը համաձայնեցրել էին, բայց այդպես էլ չստորագրեցին:

2013-ի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ավելի ուշ Երևանն ու Բրյուսելը սկսեցին դիտարկել պակաս հավակնոտ համաձայնագրի շուրջ բանակցելու հնարավորությունը, որը չի հակասի ՀՀ պարտավորություններին ԵՏՄ կազմում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---