Օհանյան. ՌԴ օդանավի խոցումը հարված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին

Օհանյան. ՌԴ օդանավի խոցումը հարված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին

PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռ խոցելու դեպքն ուղղված էր ընդդեմ միջազգային ահաբեկչության հետ պայքարի: Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի միջադեպին:

«Իհարկե, այսօր միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է հենց այն դեպքին, որը տեղի է ունեցել Սիրիայի տարածքում: Կարծում եմ, որ այն ժամանակահատվածում, երբ միջազգային հանրության ջանքերը սևեռված են, համախմբված են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վրա, սա ուղղակի հարված էր այդ ջանքերին», - ասել է Օհանյանը, մեջբերում է Tert.am-ը:

ՀՀ պաշտպանության նախարարը հավեվել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկեր է, ինչից էլ բխում է տեսակետը, թե ինչպիսին կլինի ՀՀ դիրքորոշումն այս հարցում:

«Հիմա պետք է սպասել ու տեսնել՝ ինչպիսի զարգացումներ տեղի կունենան: Համապատասխան ղեկավարները, կարծում եմ, որոշումներ կընդունվեն, իսկ միջազգային հանրության ջանքերը պետք է ուղված լինեն նրան, որ սրացումներ չլինեն», - ասել է նախարարը:

Հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, հնարավո՞ր է, որ ՀՀ հակաօդային պաշտպանության ուժերը բերվեն մարտական պատրաստվածության, Օհանյանը պատասխանել է. «Ռուսաստանի Դաշնության հետ մենք ունենք ընդանուր օպերատիվ մարտական պլանավորում, որի շրջանակում իրականացնում ենք մեր ընդհանուր գործունեությունը: ՌԴ համապատասխան բազայի մասնակցությունն այդտեղ ընդհանրացնում է անվտանգության ապահովման խնդիրները: Կարծում եմ, որ այս պլանների շրջանակում էլ մենք այսօր գործում ենք»:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել:

Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար:

Կարդացեք նաև՝ Ռուսական կործանված Սու-24-ի օդաչուներից մեկը ողջ է և գտնվում է Ասադի բանակում

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Սիրիայում ուղղաթիռի ու ևս մեկ զինծառայողի կորուստը (վիդեո)

 Ուշագրավ
---