ԼՂՀ նախագահ. Սահմանադրության ընդունումը կարևոր ձեռքբերում էր անկախ Արցախի կայացման ճանապարհին

ԼՂՀ նախագահ. Սահմանադրության ընդունումը կարևոր ձեռքբերում էր անկախ Արցախի կայացման ճանապարհին

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:

ԼՂՀ սահմանադրությունն ընդունվել է 2006 թ. դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրությունը բաղկացած է 142 հոդվածից: Մինչ հանրաքվեի դրվելը սահմանադրության նախագիծը մշակվել էր Սահմանադրական հանձնաժողովի կողմից, քննարկվել էր Ազգային ժողովում և ձայների մեծամասնությամբ ընդունվել երկու ընթերցումների արդյունքում:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Այս տոնը հատկապես կարևոր է մեր ժողովրդի համար, քանի որ խորհրդանշում է ազատ ու անկախ, ժողովրդավարական ու իրավական պետություն կառուցելու նրա ձգտումը, պետություն, որտեղ գերակա է օրենքը, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքներն ու ազատությունները, քաղաքացիների և պետության օրինական շահերն ու անվտանգությունը:

1991 թվականին անկախություն հռչակած Արցախն անցել է պարտադրված պատերազմի միջով, հաղթահարել է բազում դժվարություններ ու փորձություներ, բայց և ունեցել փառավոր հաղթանակներ ու նվաճումներ«:

«Անկախ պետության կայացման ճանապարհին կարևոր ձեռքբերում էր մեր երկրի մայր օրենքի` Սահմանադրության ընդունումը: 2006 թվականի հանրաքվեն դարձավ ևս մեկ վկայությունն այն բանի, որ մեր ժողովրդի ընտրած ուղին ճիշտ է ու հաստատուն, և որ ոչ ոք ու ոչ մի բան չեն կարող կասեցնել նրա ընթացքը: Դա պետք է քաջ գիտակցի նաև մեր հակառակորդը, ով պահ անգամ չի վարանում դիմելու սադրիչ գործողությունների:

Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի մենք այսուհետ էլ անելու ենք ամեն ինչ Արցախի պետականության շարունակական ամրապնդման, մեր ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման, պաշպանունակության մակարդակի բարձրացման, տնտեսության զարգացման, մարդկանց կենսապայմանների բարելավման ուղղությամբ: Արցախը պետք է դառնա զարգացած ու ժամանակակից հանրապետություն և իր արժանի տեղը զբաղեցնի միջազգային հանրության շարքում:

Թանկագին հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք», -ասված է ուղերձում, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

ԼՂՀ Սահմանադրությունը որպես ամբողջական փաստաթուղթ վերջերս ներկայացվել է Կովկասի ժողովրդների անթոլոգիայի 21-րդ հատորում: Անթոլոգիան լույս է տեսել Դոնի Ռոստովում: Ամբողջությամբ Հայաստանի իրավունքի հուշարձաններին նվիրված հատորի հեղինակն է անթոլոգիային խմբագրական խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի «Մանց» համալսարանի ռեկտոր Ռուբեն Ավագյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---