ԱՀՀ. Զուգահեռներն Ալիևի կողմից քրիստոնեական հուշարձանների ոչնչացման և ԻՊ գործողությունների միջև անհերքելի են

ԱՀՀ. Զուգահեռներն Ալիևի կողմից քրիստոնեական հուշարձանների ոչնչացման և ԻՊ  գործողությունների միջև անհերքելի են

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը հիշեցնում է 10 տարի առաջ ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Նախիջևանի պատմական հայկական քաղաք Ջուղայի (Ջուլֆա) հայկական քրիստոնեական գերեզմանատան և հարակից հուշարձանների ամբողջական ոչնչացման մասին: Ադրբեջանի Իլհամ Ալիևի վարչակարգը լիովին պատասխանատու է, բայց խուսափել է որևէ հաշվետվությունից:

«Զուգահեռներն Ալիևի կողմից քրիստոնեական հուշարձանների ոչնչացման և Թալիբանի ու ԻՊ (ISIS) գործողությունների միջև անհերքելի, սակայն արձագանքների միջև տարբերությունն ապշեցուցիչ է», - հայտարարել են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

«Տարբերությունը կարող է միայն բացատրվել Ալիևի ռեժիմի և Թուրքիայի կառավարության կողմից գնված լոբբիստների վճարմամբ` նման հանցագործությունները կոծկելու համար, և այդ կոծկումը պետք է դադարեցվի», - ասել են նրանք:

1998 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ոչնչացման գործընթացը, սակայն ալիևյան վարչակարգը վերսկսեց ոչնչացումը 2002 թ.:

2005 թ. դեկտեմբերի 10-ին ադրբեջանական զինված ուժերն ավարտին հասցրեցին մնացած հին գերեզմանատան ոչնչացումը վերամբարձ կռունկներով, բուլդոզերներով և այլ ծանր տեխնիկայով: Գերեզմանատունն ի սկզբանե բաղկացած էր 10. 000 բարդ կառուցվածքով հայկական խաչքարերից, որոնցից մի օրինակ ցուցադրված է Միավորված ազգերի կազմակերպության նյույորքյան կենտրոնական գրասենյակում: Ադրբեջանի զինված ուժերն ոչնչացրեցին այդ տարածքը և դրա տեղում ռազմական նպատակներով բաց օդային հրաձգարան տեղադրեցին:

ԱԱՀ հաղորդագրության մեջ ասվում է, որ ոչնչացման մանրամասները տեսանկարահանվել էին՝ պարզորոշ ցույց տալով, որ Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմը պատասխանատու է այս պատմական վայրի ոչնչացման համար: Հետևելով համաշխարհային բուռն արձագանքին՝ 2006 թ. փետրվարին Եվրոպական խորհրդարանը քվեարկության 85-5 հարաբերակցությամբ Ադրբեջանի կառավարության կողմից Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացումը դատապարտող բանաձև ընդունեց: Բանաձևը նաև կոչ արեց Ադրբեջանին թույլ տալ Եվրախորհրդարանի անդամներից կազմված պատվիրակությանն այցելել Ջուղայի հնագիտական վայրը: 2006 թ. մարտին Ալիևի վարչակարգն արգելեց եվրոպական պատվիրակությանն այցելել պատմական վայրը:

Արգելքն ուժի մեջ է մնում, քանի որ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից և այլ երկրներից պաշտոնյաների չի թույլատրվել այցելել վայրն ավելի քան մեկ տասնամյակ, հիշեցնում է կազմակերպությունը:

2007 թ. հուլիսին Ամերիկայի հայկական համագումարը Ջուղայի հայկական գերեզմանատան դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ վկայություն ներկայացրեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, միջազգային կազմակերպությունների մարդու իրավունքների և վերահսկողության ենթահանձնաժողովին «Իդեալներն ընդդեմ իրականության. մարդու իրավունքներն ու ԱՄՆ արտաքին քաղաքականությունը. Ադրբեջանի, Կուբայի և Եգիպտոսի դեպքերը» խորագրով լսումների ժամանակ:

2010թ. դեկտեմբերի 8-ին Ամերիկայի գիտության զարգացման ասոցիացիան (AAAS) հաղորդում է, որ ադրբեջանական իշխանություններն ավարտին են հասցրել տասնամյակներ տևած արշավը՝ վերացնելու հազարավոր տարիներ թվագրվող հնագույն հայկական ներկայության հետքերը Հարավային Կովկասում: Օգտագործելով առաջադեմ արբանյակային պատկերաշար՝ AAAS –ը հաստատեց Ադրբեջանի պետական հովանավորությամբ Նախիջևանում հայկական քաղաքակրթության վայրերի ոչնչացումը:

Ադրբեջանի կողմից Ջուղայի ոչնչացման և Ամերիկայի հայկական համագումարի գործողությունների մասին արձանագրությունը հասանելի է Համագումարի կայքում Issue Center սյունատում՝ «Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ավերումը» (Old Julfa Armenian Cemetery Destruction) խորագրի ներքո:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---