«Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

«Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ը  Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կառույցը՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունը (EDS) ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ Այս մասին հայտնում է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը:

Բանաձևը EDS-ի խորհրդի հավաքի օրակարգ էր ներառվել Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության առաջարկով, որն 2015-ի ամռանից եվրոպական ամենամեծ երիտասարդական այս կառույցի անդամ է։

Բանաձևը դատապարտում է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանական գործողություններն ընդդեմ հայերի, ասորիների և Պոնտոսի հույների։ Փաստաթղթով կոչ է արվում Թուրքիային առերեսվել պատմության հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նշվում է նաև, որ Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի իշխանությունների կողմից աշխարհում ծնում է նոր ոճիրներ։

«Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության նախագահ Գիորգոս Հաջիգիորգիոն ասել է, որ առաջին անգամ է EDS-ը պաշտոնական դիրքորոշում ներկայացնում ցեղասպանությունների վերաբերյալ. «Մեր խորհրդի հավաքի ընթացքում այսօր բազմաթիվ քննարկումներ եղան, և ձայների մեծամասնությամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունվեց։ Մենք կոչ ենք անում Եվրամիության բոլոր երկրներին, որ նրանք ևս ճանաչեն ու դատապարտեն Ցեղասպանությունը։ Պետք է ասեմ, որ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը նույնպես ունի իր պաշտոնական դատապարտող դիրքորոշումը հարցի շուրջ։ Բազմաթիվ երկրների խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և մեր ցանկությունն էր, որ EDS-ը ևս ունենա իր պաշտոնական տեսակետն այդ առումով»։

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) նախագահ Խավիեր Ուրտադո Միրան կարևորել է այն փաստը, որ Հայոց ցեղասպանության մասին խոսում է Եվրախորհրդարանում իշխող ուժի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կառույցը՝ EDS-ը։ «Պետք է ասեմ, որ DEMYC-ը նույնպես այս տարվա ապրիլին Երևանում ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ։ Մենք այսօր դարձյալ այստեղ ենք՝ աջակցելու մեր հայ ընկերներին, որպեսզի այս հարցն ավելի լայնորեն քննարկվի միջազգային օրակարգում»,- նշել է Խավիեր Ուրտադո Միրան՝ ընդգծելով, որ այստեղ գտնվող եվրոպացի ուսանողները, վերադառնալով իրենց երկրներ, կխոսեն այս մեծ ոճրի մասին։

Նա իր խոսքը ամփոփել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսով՝ հիշում ենք ու պահանջում։

Այս օրերին Երևանում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հրավերով անցկացվում է EDS-ի խորհրդի հավաքը։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---