Հնարավոր է նախարարները գործուղումների մեկնեն էկոնոմ դասով. Նախագիծը քննարկվելու է

Հնարավոր է նախարարները գործուղումների մեկնեն էկոնոմ դասով. Նախագիծը քննարկվելու է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության դեկտեմբերի 16-ի նիստի ավարտին հայտարարությամբ հանդես է եկել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ աշխատանքներ են տարվում ճանապարհորդելու քաղաքականությունը փոխելու ուղղությամբ:

«Մյուս տարվա, ենթադրաբար փետրվար կամ մարտ ամիսներից մենք կունենանք տոմսերի պատվերի կենտրոնացված համակարգ: Այդ կապակցությամբ մեզ մոտ հիմա մշակվում է ճանապարհորդային քաղաքականությունը: Առաջարկվում է երեք հիմնական մոտեցում, բայց եթե առաջարկություններ լինեն, սիրով, հիմա հենց այն փուլն է, երբ պետք է ընդունենք: Ուսումնասիրելով այլ երկրների փորձը՝ մենք առաջարկում ենք հետևյալը. բոլոր աշխատողներն ուղևորվում են էկոնոմ դասի չվերթներով, ընդ որում գնվում է ամենաէժան տոմսը, որը չի ենթադրում վերադարձ, ժամկետի փոփոխում և այլն: Նման անհրաժեշտության դեպքում, այսինքն տոմսի կատեգորիան փոխելը, որպեսզի այն ենթադրի վերադարձ կամ ժամկետի փոփոխում, պետք է արվի միայն հատուկ թույլտվության հիման վրա: Գործընթացը կմշակվի:

Երկրորդ խումբ անձինք նախարարներն են, մարմինների ղեկավարները, որոնց համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս, բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունը 8 ժամից ավելի է:

Երրորդ խումբն անվտանգության խորհրդի անդամներն են, որոնց համար նախատեսվում է բիզնես դասի տոմս»,- նշել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում են մի քանի լրացուցիչ կանոններ, երբ աշխատողներն իրավունք ունեն դիմելու վերադասին առանձին թույլտվություն ստանալու համար, մասնավորապես, խոսքն այն դեպքերի մասին է, երբ թռիչքը միանգամյա չէ, այլ տրանզիտ թռիչք է և օդանավակայանում սպասելու ժամկետը գերազանցում է հինգ ժամը: Այդ դեպքերում հնարավոր են այլընտրանքային տարբերակներ առանձին թույլտվության հիման վրա:

«Սա, իհարկե, չի սահմանափակում, որ անձինք կարողանան գնել այլ տոմսեր, ուղղակի դա չի փոխհատուցվի պետական բյուջեի հաշվին: Սրանք են հիմնական կանոնները», - նկատել է Ղղեկավար-նախարարը:

ՀՀ Վարչապետն առաջարկել է բոլորի գրավոր կարծիքներն ունենալուց հետո այդ հարցը քննարկել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---