Ստամբուլում «Անիի ավերակները» գիրքը հայերենից թուրքերեն է թարգմանվել

Ստամբուլում «Անիի ավերակները» գիրքը հայերենից թուրքերեն է թարգմանվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում հայերենից թուրքերեն է թարգմանվել Հայաստանի պատմական մայրաքաղաք, 1001 եկեղեցու քաղաք Անիի հազարամյա պատմությունը ներկայացնող «Անիի ավերակները» գիրքը:

Վանահայր Գրիգոր Բալաքյանի` 1910-ին հրատարակված գիրքը թարգմանել են Սաթենիկ Ուստան և Անահիտ Հազարյանը: Գրքի թարգմանված տարբերակը «Անցյալի հոգնատանջ վկաները՝ Անիի ավերակներ» վերնագրի ներքո հրատարակել էՍտամբուլի «Փարոս» հրատարակչությունը, «Ակոս» թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Դեկտեմբերի 14-ին Ստամբուլում Հունաստանի դեսպանության մշակութային կենտրոնում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որին մասնակցել ենԿ. Պոլսի և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանը, գրքի հովանավոր Պետրոս Շիրինօղլուն, Սևծովյան տնտեսական համագործակցության հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Ավագյանը և Յենիքյոյի հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ Լաքի Վինգասը:

Անիում վերականգնողական աշխատանքներ իրականացնող ճարտարապետ Իսմաիլ Յավուզ Օզքայան կարևորել է Նիկողայոս Մառի և նրա թիմի անգնահատելի ներդրումը Անիի վերաբերյալ պատմահնագիտական աշխատանքներում: Մառը մինչև 1917-ը զբաղվել է Անիի վերաբերյալ գիտական ուսումնասիրություններով և հայոց պատմական մայրաքաղաքի պեղումներով:

Անին եղել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը և իր զարգացման գագաթնակետում մրցակից է եղել այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք եղել են Կոստանդնուպոլիսը, Բաղդադը, Կահիրեն և այլն: 11-րդ դարում Անիի բնակչությունը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: Քաղաքն իր մեծության և գեղեցկության շնորհիվ հայտնի է եղել նաև «40 դարպասների քաղաք» և «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անուններով: Այն հետագայում դարձել է զանազան կայսրությունների պայքարի օբյեկտ, ինչն էլ հանգեցրել է նրա ավերմանը և վերջնական լքվելուն:

Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգի տարածքում գտնվող հնագույն Անի քաղաքի տակ ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման արդյունքում թունելների հսկայական ցանցեր են բացահայտվել: Հայտնաբերել են գաղտնի ջրանցքեր, ճգնավորների խուցեր, մեդիտացիայի սենյակներ, հսկայական միջանցքներ, թունելների հսկայական ճյուղավորումներ և այլն:

Անի քաղաքի ավերակների տակ արդեն իսկ հայտնաբերվել են 823 ստորգետնյա կառույց, որոնց ընդհանուր երկարությունը մոտ 500 մետր է: Այս ենթակառուցվածքների մեծ մասն օգտագործվել է որպես պաշտոնյաների առանձնասենյակներ, մյուսներն էլ հանձնված են եղել եկեղեցուն: Հետազոտողները քարտեզագրել են ստորգետնյա շինությունների տեղադրվածությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---