Նախարար. 15.782 մարդ 2015-ին աշխատանքի է տեղավորվել

Նախարար. 15.782 մարդ 2015-ին աշխատանքի է տեղավորվել

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ամփոփելով տարին, նշել է, որ 2015-ին ուշագրավ արդյունքներ են գրանցվել պետական ծրագրերի իրականացման շնորհիվ:

Նախարարի խոսքով՝ 2014-2015 զբաղվածության ոլորտում վարվող պետական քաղաքականությունն արմատապես փոխվել է` հիմքում դնելով աշխատանք փնտրող անձին աշխատանքով ապահովելու և աշխատանքի միջոցով եկամուտ ստանալու գաղափարախոսությունը:

«Մասնավորապես 2015-ին զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել է 11.270 մարդ, իսկ ընդհանուր հաշվով 15.782 մարդ 2015-ին տեղավորվել է աշխատանքի, որից 6. 285-ը սեզոնային զբաղվածության ծրագրով, մոտ 400-ը` Տավուշի մարզում իրականացված վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով», - տեղեկացրել է նախարարը:

Ասատրյանը հիշեցրել է, որ ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերի շարքում «Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագիր» է, որը մեկնարկել է նոյեմբերից, ընդգրկել է 44 սահմանամերձ համայնք: Այդ ընթացքում 379 անձ ընդգրկվել է ծրագրում՝ 1 աշխատանքային օրվա համար ստանալով 7000 դրամ:

Ըստ նախարարի՝ 2015-ին էապես փոխվել է նաև մի շարք խմբերին տրվող նպաստների քաղաքականությունը.

«Արմատապես փոխվել է երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ձևերն ու ծավալները: Մասնավորապես` 2014-ի հունվարի 1-ից ընտանիքում երրորդ կամ չորրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանավել է 1 միլիոն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1.5 միլիոն դրամ»:

Անդրադառնալով կենսաթոշակների ապահովությանը և պետական նպաստներին՝ նախարարն ասել է, թե կենսաթոշակային ապահովության բնագավառում հիմնական թիրախը կենսաթոշակառուների շրջանում աղքատության նվազեցումն է, գրում է Haynews.am-ը:

«Արդյունքում երկու տարվա ընթացքում միջին աշխատանքային կենսաթոշակի չափը ավելացել է մոտ 10 հազար դրամով` 2015-ին կազմելով 41 հազար դրամ», - նկատել է Ասատրյանը:

Պատասխանելով հարցին, թե 2016-ի բյուջեով ոչ աշխատավարձերի, ոչ թոշակների բարձրացում չի նախատեսվում, փոխարենը, Կառավարության համար երկու թանկարժեք մեքենա պետք է գնվի, ԿԲ նախագահի աշխատավարձն է բարձրացվելու, ֆինանսների նախարարության համար թանկարժեք սպասք կգնվի, և ինչո՞ւ այդ շռայլությունների փոխարեն թոշակների անգամ չնչին բարձրացում չի ապահովվելու, Ասատրյանը պատասխանել է, որ նշված ծախսերն ու աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացման համեմատականը համարժեք չէ:

«Երեսուն միլիարդ էր պետք, որ տասնհինգ տոկոսով թոշակ բարձրացվեր: Նախատեսված 365 միլիարդից 265-ը թոշակների համար են նախատեսված, 80-ը նպաստների: Ունենք այլ ծրագրեր, որոնք դրամական հատկացումների տեսքով չեն, բայց կարեւոր են`միայնակ անժառանգ թոշակառուների համար և այլն»,- ասել էնախարարը`հավելելով, որ սոցիալական համագործակցության տարբեր համաձայնագրեր են ստորագրվել, գրում է Aravot.am-ը:

Նրա խոսքով՝ ինքը պատասխանատու է իր ոլորտի ծրագրերի պահպանման համար եւ փորձում է իր տեղում իր աշխատանքը լավ կատարել:

Նա նաև տեղեկացրել է, որ 2015-ի ընթացքում նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկի ավանդի փոխհատուցման ծրագրի շրջանակում փոխհատուցում են ստացել 8.000 ավանդատու:

Ըստ նրա, այս հարցում կառավորության կողմից որդեգրած մոտեցման համաձայն՝ առաջնահերթության կարգով ավանդների վերադարձն իրականացվում է ըստ տարիքային գործոնի, միաժամանակ կարևորվում են նաև առանձին սոցիալական խմբեր՝ ըստ վաստակի կամ տարածաշրջանի ռիսկայնության աստիճանի:

Այս ժամանակահատվածում ավանդի փոխհատուցում է տրվել ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների 3.312 մասնակցի և սահմանամերձ համայնքներից՝ 4.983 ավանդատուի, գրում է Panorama.am-ը:

Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրի մասին՝ Ասատրյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու նպատակով 2015-ի հունվարի 1-ից պետական կազմակերպությունների համար, 2016-ի հունվարի 1-ից ոչ պետական կազմակերպությունների համար սահմանվել է քվոտային պարտադիր պահանջի կիրառումը:

Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի (300 հազար դրամ) չափով:

Ասատրյանի խոսքով, հաշմանդամության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունն ու պետական նպատակային ծրագրերն ուղղված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելուն՝ հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ ապահովելու միջոցով:

Նա տեղեկացրել է, որ 2016-ը Կառավարության կողմից հայտարարվել է հաշմանդամների հավասար հնարավորությունների տարի:

Ասատրյանը տեղեկացրել է, որ 2015-ի ընթացքում մոտ 290 երեխա վերադարձել է ընտանիք, կենսաբանական ընտանիք է վերադարձել 223 երեխա, որից 116 երեխա՝ գիշերօթիկ խնամքի հաստատություններից, 57 երեխա՝ մանկատներից, որդեգրվել է 67 երեխա, խնամատար ընտանիք է տրվել 4 երեխա:

Ասատրյանը նաև շեշտել է, որփոփոխված Սահմանադրությունը որևէ ազդեցություն չի ունենա սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի վրա, գրում է «Ա1+»-ը:

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում բազմազավակ ընտանիքները մտնում են պետական հոգածության դաշտ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---