«Հին Երևան» նախագծի իրականացման համար նախատեսված տարածքը գերակա հանրային շահ է ճանաչվել

«Հին Երևան» նախագծի իրականացման համար նախատեսված տարածքը գերակա հանրային շահ է ճանաչվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 25-ի նիստում որոշել է Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքները բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչել:

Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների տարածքում նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը և հնարավորություն ստեղծվում կորցված և քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր:

Որոշումն ընդունվել է ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածների ու 16-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագիծը:

Նախագծի հիմնավորման մեջ նաև նշված է, որ տարածքը ներկայումս կառուցապատված է հին, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան:

Թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ:

Նշվում է, որ պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի շինություններն են, որտեղ յուրաքանչյուր կառույց ուրույն երանգ է հաղորդում փողոցների ճարտարապետագեղագիտական ձևավորման և ցուցադրանքի արտահայտչականության մեջ: Ճարտարապետական նախագծի մտահաղացման նպատակն է` վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը:

Դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել: Ծրագրվում էր, որ աշխատանքները կսկսվեն 2015-ին:

Նախատեսվում էր, որ Երևանում` Գլխավոր պողոտայի հատվածներից մեկում, սկսվելու է «Հին Երևան» ճարտարապետական համալիրի կառուցումը. այստեղ են տեղափոխվելու են 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի շինություններ, որոնք իրենցից պատմական ու ճարտարապետական արժեք են ներկայացնում:

Կարդացեք նաև՝ Երևանի գլխավոր ճարտարապետ. Աբովյան-Պուշկին-Սախարով եռանկյունու շենքերը կպահպանվեն

Նախարար. Արամի 30-ի շենքը կվերականգնվի

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---