Կասպրշիկը կոչ է արել խուսափել լարվածությունից շփման գծում Սբ Զատկին և Նովրուզին ընդառաջ

Կասպրշիկը կոչ է արել խուսափել լարվածությունից շփման գծում Սբ Զատկին և Նովրուզին ընդառաջ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կոչ է արել հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Սբ Զատկին և Նովրուզ բայրամին ընդառաջ:

«Նովրուզ բայրամին և Սբ Զատկին ընդառաջ ես կոչ եմ անում երկու կողմերին խստորեն պահպանել հրդադարի ռեժմն ու ձեռնպահ մնալ գործողություններից շփման գծում կամ սահմանին, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել»,-ասվում է Կասպրշիկի հայտարարության մեջ, որը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքում: Բացի այդ, Կասպրշիկը հայտնել է, որ դիտարկման ժամանակ տեղեկություններ է ստանում ընթացիկ իրավիճակի մասին երկու կողմերից:

«Կողմերն ինձ տեղեկացրել են սահմանին վերջին զարգացումների մասին, և ես լսել եմ նրանց մտահոգող հարցերը։ Կողմերն ընդգծել են, որ զորքերի շփման գծում գյուղերը մոտ են տեղակայված և այդ գոտիների բնակիչները լրջորեն տուժում են հրադադարի ռեժիմի խախտումներից»,-ասել է Կասպրշիկը, հայտնում է Armenia Today-ը:

Մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են թիրախային պատժիչ գործողությունների:

Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 700 կրակոց:

Մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԼՂՀ ՊՆ-ն, հատկանշական է, որ ադրբեջանական կողմը, որն անընդհատ հանդես է գալիս հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունն ապակայունացնող նախահարձակ գործողություններով, շարունակում է ապատեղեկատվություն տարածել առ այն, թե իբր երեկ հայկական ստորաբաժանումները պաշտպանության բնագծի հյուսիս-արևելյան ուղղությամբ գնդակոծել են Թափկարակոյունլու բնակավայրը՝ թիրախ ընտրելով տներն ու գյուղի դպրոցը:

ՊԲ մամուլի ծառայությունն իրազեկել է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածված լուրը ոչ այլ ինչ է, քան իրավիճակն արհեստականորեն սրելուն ուղղված հերթական սադրիչ ապատեղեկատվություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերն ու օբյեկտները հարվածի տակ առնելու գործողություններից, այլև հակառակորդի դիրքերի ուղղությամբ կանխարգելիչ քայլերի են դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---