ԼՂՀ նախագահը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը. Ակնկալում ենք կոշտ և հասցեական քայլեր

ԼՂՀ նախագահը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը. Ակնկալում ենք կոշտ և հասցեական քայլեր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Պիեռ Անդրիոին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպմանը քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին վերաբերող հարցեր:

Սահակյանն ընդգծել է, որ Արցախի Պաշտպանության բանակը կասեցնում և կասեցնելու է Արցախի հանրապետության անկախության, ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում է կոշտ և հասցեական գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ:

Նախագահ Սահակյանը Ադրբեջանի ագրեսիան համարել է Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում կայունության և խաղաղության դեմ ուղղված ամենամեծ վտանգներից մեկը՝ այն որակելով նաև քաղաքակիրթ հանրության համար լուրջ մարտահրավեր:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 37 զոհ, 122-ը վիրավորվել է, 21-ն անհետ կորած են:: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

ՀՀ նախագահը՝ Deutsche Welle-ին. Երբեք դեմ չենք եղել ԼՂ-ում խաղաղապահների տեղակայմանը

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---