ԼՂ հարցը՝ Եվրախորհրդարանում. Հիմնականում հայամետ տեսակետներ են արտահայտվել13 ապրիլի 2016 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանն ապրիլի 12-ի լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում կարևորել է, որ ԵԽԽՎ լիագումար նիստին խորհրդարանն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի խնդրին և նշել է, թե ապրիլյան այս գործողությունները հիշեցնում են, թե որքան վտանգավոր կարող են լինել ձգձգված հակամարտությունները, հայտնում է Tert.am-ը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության ապրիլյան թեժացմանը` նա հայտարարել է, թե «այդ աննախադեպ էսկալացիայից» առաջ իրենք զգուշացրել էին, որ ստատուս քվոն հնարավոր չէ պահել: «Մեծածավալ բախումներից զերծ մնալու համար փոքր քայլ էր ընդամենը պակասում, ուստի մենք ավելացնում ենք մեր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Չափազանց մեծ տառապանք են մարդիկ կրել. հակամարտությունը շարունակում է վտանգ սպառնալ մեր հարևանությանը և խոչընդոտում է երկու երկրների և ողջ տարածաշրջանի զարգացմանը»,-ասել է նա՝ նշելով, որ հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է Եվրոպայի համար. այն խաչմերուկ է և մեծ ներուժ ունի, որը սակայն կասեցվում է անկայունության և պատերազմների պատճառով: Նա նշել է, որ իր վերջին երկու այցերը Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներ հստակորեն ուրվագծել են իր համար, որ լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում և ոչ մի լավ տեղ չի կարող հասցնել: Մոգերինին ասել է, որ այս էսկալացիայի պատճառով մեծաթիվ մարդիկ են զոհվել, այդ թվում նաև՝ քաղաքացիական բնակչությունից: «Ե՛վ Բաքվի, և՛ Երևանի հայտարարությունից պարզ է դառնում, որ լուրջ վտանգներ կան, եթե իրավիճակը արագորեն չհանդարտեցվի: Ապրիլի 2-ին կոչ եմ արել դադարեցնել կրակը և պահպանել հրադադարը, զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են էսկալացիայի հանգեցնել: Վերահաստատել եմ օժանդակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին որպես հակամարտության, կարգավորման համաձայնեցված ձևաչափին»,-ասել է նա և նշել, թե բացի այն, որ կառուցողական զրույցներ է ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, նաև իրենց հատուկ ներկայացուցիչն այս շաբաթ այցելելու է տարածաշրջան: ԵՄ նոր գերագույն հանձնակատարը նշել է, թե էսկալացիան էլ ավելի պարզորոշ է դարձնում, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Եվրախորհրդարանի անդամ Ֆրենկ Էնգելը, դիմելով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ասել է, որ ԼՂ ստատուս քվոն կավելացնի բռնության ծավալը: «Հատկապես մեկ պատճառով, որովհետև Ադրբեջանն այսօր մնում է ագրեսոր, ինչպես ագրեսոր էր 24 տարի առաջ: Նա շարունակել է խախտել հրադադարը ավելի փոքր մասշտաբով և շատ երկար ժամանակով և դա անում է, որովհետև համոզված է, որ բոլոր հայերն այդ տարածաշրջանում պետք է անհետանան»,-ասել է նա և հավելել, թե այդ պատճառով էլ Մինսկի խմբի համանախագահների որևէ առաջարկ չի ընդունում և չի ուզում որևէ փոխզիջման գնալ: «Ինչպես հայերը չեն ուզում այլևս փոխզիջում անել մի երկրի, որը հերոսացնում է Ռամիլ Սաֆարովին, դաժան մարդասպանին, ով վերադարձվում է այդ երկրին, և որը չպետք է տեղի ունենար: Միակ բանը, որ այս դեպքում պետք է տեղի ունենա, ԼՂՀ ճանաչումը կլինի»,-ասաց նա: Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան ԵԽԽՎ նիստին հայտարարել է, թե ինքը տարիներ շարունակ բացառապես սատարում է Լեռնային Ղարաբաղին և բացատրեց թե ինչու: «Բոլշևիկյան միությունը արհեստականորեն Ղարաբաղը միացրեց Ադրբեջանին՝ «բաժանիր, որ տիրես սկզբունքով». չսատարել ՀՀ-ին և Ղարաբաղին՝ կնշանակեր կողմ արտահայտվել դաժան ազգայնական սովետական քաղաքականությանը»,-ասաց նա: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին կոչ են անում հրադադարը խախտելու քննության մեխանիզմ ներդնել. նա շեշտեց, որ Հայաստանը համաձայն է քննարկել այս հարցը, և ԵԱՀԿ-ն կոչ է անում նաև նույնն անել Ադրբեջանին: Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թիոչերսը հայտարարել է, որ պետք է Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել: «Մենք պետք է Բաքվի դեմ սանկցիաներ կիրառենք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հարձակվելու համար: Մենք պետք է աջակցենք ԼՂ ժողովրդին, որը պարզապես պայքարում է իր ազատության համար. նրանք ուղղակի չեն կարող ստատուս քվոյի անարդար իրավիճակում մնալ։ Մենք պետք է գնանք Լեռնային Ղարաբաղի ճանաչման և Բաքվի դեմ սանկցիաների կիրառման ճանապարհով»,-ասել է նա։ Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 75 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |