Լեհաստանի ԱԳ նախարար. «Արևելյան գործընկերության» անդամներից յուրաքանչյուրին նոր անհատական ծրագիր է պետք

Լեհաստանի ԱԳ նախարար. «Արևելյան գործընկերության» անդամներից յուրաքանչյուրին նոր անհատական ծրագիր է պետք

PanARMENIAN.Net - Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին կարծում է, որ Եվրամիությունը պետք է մտածի «Արևելյան գործընկերության» ծրագրի ապագայի մասին:

ԵՄ-ն պետք է նոր անհատական ծրագիր առաջարկի «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամներից յուրաքանչյուրին: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, հայտնում է «Խարտիա-97»:

«Մենք պետք է մտածենք, թե ինչ ենք անելու 6 պետությունների դեպքում, որոնց կարգավիճակը շատ տարբեր է: Պետություններից 3-ը ասոցացման մասին համաձայնագիր է կնքել ԵՄ հետ, որի դրույթները դանդաղ կյանքի են կոչվում: Մյուս 3-ը ժամանակավորապես անորոշ վիճակում են: Մենք պետք է որոշենք` կիսենք այդ ծրագիրը, թե պահպանենք, բայց համագործակցության ինչ-որ ծրագիր առաջարկենք երկրներից յուրաքանչյուրին»,-ասել է Վաշչիկովսկին:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵՏՄ-ի ձևավորմանը մասնակցելու մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

2015 թվականի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու գործընթացի շրջանակներում փետրվարի 15-ին Բրյուսելում մեկնակեց ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի բանակցությունների առաջին փուլը:

Բանակցություններն ընթանում են եվրոպական կողմի հետ նախկինում հստակեցված ոլորտների և ուղղությունների շուրջ, մասնավորապես՝ ապրանքների և ծառայությունների առևտուր, առևտրի պաշտպանական միջոցներ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցներ, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն, մրցակցություն, պետական գնումներ, կայուն զարգացում, թափանցիկություն, ընթացիկ վճարներ և կապիտալի տեղաշարժ, ներդրումային համագործակցություն և դրանց պաշտպանություն, վեճերի կարգավորում և այլն:

Ընդհանուր առմամբ, բանակցությունների առաջին փուլը բավական տարողունակ և ընդգրկուն է, բանակցությունների լիագումար նիստերից բացի նախատեսվում են բանակցային ենթախմբերի 12-ից ավելի հանդիպումներ, որոնց ընթացքում պետք է քննարկվեն համապատասխան ուղղությունների տեքստերի նախագծերը: Կքննարկվեն նաև բանակցային հետագա գործընթացներին, փուլերին, ժամանակացույցին, ինչպես նաև ոլորտային ապագա համագործակցության որոշ խնդիրներին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---