ՀՀ պաշտոնյաններ. Ադրբեջանի ԶՈւ-ն անցել է «ամուր պաշտպանության», լայնածավալ մարտեր չեն լինելու

ՀՀ պաշտոնյաններ.  Ադրբեջանի ԶՈւ-ն անցել է «ամուր պաշտպանության», լայնածավալ մարտեր չեն լինելու

PanARMENIAN.Net - Վերջին 20 տարվա ընթացքում ծավալման բնույթով Ադրբեջանի ԶՈւ-ն առաջին անգամ ռազմական հռետորաբանությանն ու հոխորտանքներին զուգահեռ անցել է «ամուր պաշտպանության»: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

«Ես կարող եմ միայն հաստատել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման, ցանկացած ուղղությամբ և ցանկացած պահի», - ասել է նա, մեջբերում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Հարցին, թե տեղեկություններ կան, որ ՀՀ պաշտպանության նախարարը նորից մեկնում է Մոսկվա, արդյոք այս անգամ նրան կհաջողվի որևէ արդյունքի հասնել Ռուսաստանից վարկի դիմաց ձեռքբերված զենքը Հայաստան հասցնելու հարցում, Տոնոյանը պատասխանել է.

«Միջպետական վարկի շրջանակում ՀՀ-ի կողմից ձեռք բերվող սպառազինության և ռազմական տեխնիկայի հարցում որևէ խոչընդոտ կամ բարդություն չկա: Դեռ ավելին, նոր իրավիճակում աշխատանքներ են տարվում փոխադրումներն արագացնելու համար, այսինքն՝ ավելի արագ, քան ծրագրված է պայմանագրային պարտավորություններով: Այս առումով խոչընդոտներ չկան»:

Հարցին, թե այս օրերին քննարկվում է Չինաստանից զենք ձեռք բերելու հարցը, որքանո՞վ է դա կարող է լինել ռեալ այլընտրանք ռուսական զենքին, Տոնոյանը նշել է, որ հարցը ոչ պրոֆեսիոնալ խոսակցությունների ոլորտից է: «Իրականում, ցանկացած տեսակի ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ինքնանպատակ չէ: Ընդհանրապես, ԶՈԻ կարիքները ձևավորվում են կոնկրետ կարողություններ ունենալու պահանջարկից, օրինակ խոցման N հեռահարության կամ N խտության միջոցներ: Ամենևին էլ կարևոր չէ, թե որ պետության արտադրանքը դա կլինի. այստեղ գործում է տեխնիկական չափորոշիչներ-որակ-գին տրամաբանությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը դիտարկում է բոլոր հնարավորությունները:

Միևնույն ժամանակ, զենքի առևտրի շուկան թեև Հայաստանի համար բաց շուկա է, այդուհանդերձ ԵՄ անդամ երկրներում և ԱՄՆ-ում գործում են ռազմական նշանակության որոշ արտադրանքի արտահանման քաղաքական սահմանափակումներ հակամարտության մեջ գտնվող երկրների համար», - պարզաբանել է նա:

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը մայիսի 6-ին հայտնել է, որ Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում զինուժի կուտակումները բնական են, և դրանց առկայությունը ամենևին չի նշանակում, որ վաղը կարող է լայնածավալ մարտական գործողություններ սկսվել:

«Ես՝ որպես պաշտոնատար անձ, կարող եմ ասել մոտ ժամանակներս չի սպասվում լայնածավալ մարտական գործողություններ: Միևնույն ժամանակ մենք ՝ որպես զինվորականներ, անգամ մինչև ապրիլյան դեպքերը, համարում ենք, որ ամեն օր կարող է պատերազմ սկսվել, և մենք պետք է պատրաստ լինենք դրան: Եվ այս դեպքերը նույնպես ցույց տվեցին, որ պատրաստ ենք նման խնդիրների կատարմանը»,- ասել է գեներալ-մայոր Դավթյանը, մեջբերում է Արմռադիոն:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մայիսի 3-ին տեղեկացրել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում Ադրբեջանի զորքերի նոր կուտակումն ավելի մեծ է, քան ապրիլի առաջին օրերին: Հովհաննիսյանը նշել է, որ նկատվել է ավելի մեծ զորախմբերի տեղաշարժ, սակայն այլ մանրամասներ չի կարող ասել: Նա շեշտել է, որ հակառակորդի տեղաշարժը հայկական հետախուզության ուշադրության կենտրոնում է:

Նահապետյան. Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել Նախիջևանում

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---