Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման վարչություն կստեղծվի

Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման վարչություն կստեղծվի

PanARMENIAN.Net - Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչությունը և նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության միջազգային պայմանագրերի բաժինը միացնել:

Ապա կազմակերպական-իրավական վարչությունը բաժանման միջոցով վերակազմակերպվելու է հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության և զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժնի, իսկ օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպվելու է օրենսդրության վարչության:

Որոշմամբ նաև նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության աշխատակազմի գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության և իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժինները միաձուլման միջոցով կվերակազմակերպվեն գերատեսչական իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:

Բացի այդ, սոցիալական ոլորտի օրենսդրության և սահմանադրական և վարչական իրավունքի բաժինները միաձուլման միջոցով կվերակազմակերպվեն սահմանադրական իրավունքի բաժնի՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:

Հիմնավորման համաձայն, մասնավորապես՝ նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչությունը հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության վերակազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունը հանդիսանում է ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականություն մշակող և մեթոդական ղեկավարում իրականացնող մարմին:

Ընդ որում` նախարարությունը մշակում և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծեր, իրականացնում է ոլորտային օրենսդրության ուսումնասիրություն, վերլուծություն, բացերի վերհանում և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ, քննարկում այլ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների և այլոց ներկայացրած առաջարկությունները և մատնանշված խնդիրները, ներկայացնում համապատասխան լուծումներ:

Այսպիսով՝ կապահովվի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների առջև դրված` ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով նպատակների և խնդիրների գործառույթների առավել արդյունավետ և որակյալ իրականացումը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախարարությունը գնացել է օպտիմալացման, արդյունավետ կառավարման և միևնույն ժամանակ հաստիքների կրճատման ճանապարհով:

Մայիսի 12-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պայքար է սկսում կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ` գերատեսչությունների ղեկավարներին երեք շաբաթ ժամանակ տալով իրավիճակը վերլուծելու և ներկայացնելու:

Կարդացեք նաև՝ Կառավարությունը մոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---