ԱՄՆ կոնգրեսականները հորդորում են Վաշինգտոնին հետևել Գերմանիայի օրինակին` անտեսելով Թուրքիայի սպառնալիքները

ԱՄՆ կոնգրեսականները հորդորում են Վաշինգտոնին հետևել Գերմանիայի օրինակին` անտեսելով Թուրքիայի սպառնալիքները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ ողջունել են Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ռոբերտ Դոլդը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, որ իրենք ողջունում են Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի դեմ իրականացված ջարդերը Գերմանիայի Բունդեսթագի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից ցեղասպանություն որակելու փաստը։

Կոնգերսականներ Փալոունը, Դոլդն ու 4Օ այլ կոնգրեսականներ 2015-ին ներկայացրել էին օրենքի բանաձև, որը կոչ էր անում երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Գերմանիայի ժողովուրդն իր մեջ է կրել պատմության ընթացքում մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեղքի զգացումը հաղթահարելու ներքին պայքարը։ Եվ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին խորհրդարանի այս որոշումը հզոր մի հայտարարություն է», -ասված է կոնգրեսականների ուղերձում, որը նաև կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը ընդունել պատմական իրողությունը և ՝«կայացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում»:

Փալոունի և Դոլդի ուղերձում ասված է նաև, թե ԱՄՆ-ն պետք է հորդորի Թուրքիային հաշվի նստել իր պատմության հետ և հրաժարվել աշխարհի պատմության մեջ ամենասարսափելի ողբերգությունը հերքող քաղաքականությունից։

Ուղերձով է հանդես եկել նաև կոնգրեսական Ադամ Շիֆը, ում խոսքերով, «Ցեղասպանությունը ճանաչելու այս քայլով Գերմանիան միանում է այն երկրներին, որոնք դատապարտում են 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում մեկ ես կես միլիոն հայերի սպանդը։ Գերմանիայում քվեարկությունը խիզախ քայլ է համարվում նաև այն պատճառով, որ այն Թուրքիայի հետ ներկայումս բանակցում է Եվրոպայից Թուրքիա փախստականներին տեղափոխելու հարցի շուրջ։ Այդ առումով, սա մի հստակ ուղերձ է, որ ցեղասպանության մասին ճշմարտության խոսքը չի կարելի լռեցնել, և որ ժամանակի շահը երբեք չի կարող արդարացնել Ցեղասպանության ուրացումը»:

Ադամ Շիֆի ուղերձն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Մեր Կոնգրեսը ևս պիտի ցուցաբերի թուրքական սպառնալիքներն անտեսելու կամք և սկզբունքները հարգելու բարոյական քաջություն»:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---