Ուորլիք. Նալբանդյանի հետ քննարկումները գերազանց են անցել

Ուորլիք. Նալբանդյանի հետ քննարկումները գերազանց են անցել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ քննարկումները գերազանց է անվանել:

«Գերազանց քննարկումներ են տեղի ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Վիեննայում բարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունների իրականացման, այդ թվում հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ»,-գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

Հունիսի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպմանը քննարկվել են զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները:

Կարևորվել է մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---