Գողթեցիները փակել են ճանապարհը. Պայմանավործավությունը չէր կատարվել

Գողթեցիները փակել են ճանապարհը. Պայմանավործավությունը չէր կատարվել

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Գողթ համայնքի բնակիչները կրկին փակել են Գողթ-Գեղարդավանք ճանապարհը: Նրանք նշում են, որ պայմանավորված ժամին մարզպետարանից աշխատանքային խումբը չի ժամանել համայնք, այդ պատճառով էլ փակել են ճանապարհը:

Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները դադարեցվել են հունիսի 3-ին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի՝ Գողթ կատարած այցից հետո: Գողթեցիները այդ օրը փակել էին Գողթ-Երևան ավտոճանապարհը և պահանջում էին չեղարկել ծրագիրը: Ինչպես հայտնել էր Գողթի բնակիչ Վահրամ Սեդրակյանը, մարզպետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, Գողթ կժամանեն Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատասխանատուները և կպատասխանեն գողթեցիների հարցերին, մինչ այդ շինարարական աշխատանքեր չեն կատարվի, գրում է Ecolur.org-ը:

Համայնքի բնակիչները մինչև ժամը 12.00-ը սպասել են աշխատանքային խմբին՝ հանրային քննարկում կազմակերպելու համար, այնուհետև՝ փակել ճանապարհը, ինչպես և խոստացել էին, գրում է Ա1+-ը:

Գողթեցիների պնդմամբ՝ Գեղարդալճի ծրագիրն իրենց հետ չի քննարկվել և իրենք իրենց համաձայնությունը չեն տվել:

Ըստ Ջրային տնտեսության Ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացրած «Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի՝ նախատեսվում է Գեղարդալճի ջրամբարի պատվարը բարձրացնել, ջրամբարում կուտակել 3.4 միլիոն խմ ջուր և ինքնահոս եղանակով ջուր մատակարարել Գողթ, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ համայնքներին, «Ջրվեժ- Ձորաղբյուր» այգեգործական միությանը և «Ջրվեժ» անտառ պուրակի 1448 հա գյուղատնտեսական հողերի ոռոգման համար: Գեղարդալճի ջրամբարը լցվում է հիմնականում Ազատ գետի Գողթ վտակի Կարմիր գետ վտակի ջրով: Ծրագրում նշված է. «Գեղարդալճի ջրամբարի համար որպես ջրաղբյուր ծառայող Կարմիր գետի հոսքն ուսումնասիրված չէ: Այդ պատճառով հոսքի հիմնական հաշվարկային բաղադրիչները որոշելու համար օգտագործվել է նմանականության սկզբունքը:

«Հայջրնախագիծ» ՓԲԸ-ն որպես նմանակ օգտագործել է Ազատ-Գառնի հիդրոդիտակետի 1939-2006թթ. 60-ամյա հիդրոմետրիկական դիտարկումների շարքը: Որպես այլընտրանքային տարբերակ անկախ հիդրոլոգների խումբը առաջարկեց որպես նմանակ օգտագործել Գեղարոտ-Արագած հիդրոլոգիական կայանը` նմանականության սկզμունքով, հաշվի առնելով ֆիզիկաաշխարհագրական, բնական կլիմայական պայմանների, ինչպես նաև հողի կառուցվածքի, ջրբաժանի տարածքի և այլ բնութագրերի նմանությունները Կարմիր գետի ջրբաժանի հետ»: Որպես բնապահպանական թողք ծրագրում սահմանվել է, որ Կարմիր գետում պետք է մնա 0.85խմ/վ ջուր:

Գողթեցիները պնդում են, որ Գեղարդալճի ջուրն իրենց չի բավականացնում, եթե այդ ծրագիրն իրականանա, ապա իրենց ջուրը կտանեն: Բողոքի ակցիայի ժամանակ Գողթի համայքապետը և «Գողթ 1», «Գողթ 2» ՓՀԷԿ-երի սեփականատերը նշեցին, որ կառուցվելու է առանձին ջրամբար, որտեղ կուտակվելու է Գիլանլար գետի ջուրը, որը հենց ուղղվելու է վերոնշյալ համայքների ոռոգման համար: Այս մասին պաշտոնական ծրագրում ոչ մի խոսք չկա:

Գառնի գյուղի բնակիչները մայիսի 20-21-ի փակ են պահել Երևան-Գառնի ճանապարհը: Նրանց միացել են նաև հարևան Գողթ համայնքի բնակիչները: Գառնեցիները պայքարում էին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի դեմ, գողթեցիները՝ Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի: Նրանք պահանջել են Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները:

Ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղ, որտեղ, ըստ գառնեցիների, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք այլ պաշտոնյաներին պատկանող այգիներն են: Բողոքի ակցիաներից հետո վարչապետի որոշմամբ Ազատ գետի կիրճում շինաշխատանքները կասեցվել են:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---