ԵԽ զեկույց. Ադրբեջանում շարունակվում է հայերի դեմ ատելության սերմանումը

ԵԽ զեկույց. Ադրբեջանում շարունակվում է հայերի դեմ ատելության սերմանումը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում ատելություն սերմանող խոսքի, անկախ քաղաքացիական հասարակության և մամուլի նկատմամբ շարունակվող ճնշումների, սեռական փոքրամասնությունների դեմ հարձակումների ու բռնությունների կապակցությամբ:

Հունիսի 7-ին հրապարակված զեկույցը փաստում է, որ չնայած վերջին հինգ տարվա ընթացքում ազգատյացության դրդապատճառներով Ադրբեջանում հանցագործություններ չեն արձանագրվել, այնուամենայնիվ, քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և զանգվածային լրատվամիջոցները շարունակում են հայերի դեմ ատելություն սերմանել:

«Ադրբեջանի մի ամբողջ սերունդ մեծանում է՝ լսելով այս ատելությամբ լի հռետորաբանությունը», - գրում են զեկույցի հեղինակները, նշելով, որ իրավապաշտպան ակտիվիստները, մասնավորապես՝ որ հանդես են եկել Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ, դատապարտվել են երկարաժամկետ բանտարկությունների՝ վիճահարույց մեղադրանքներով:

Զեկույցը մեծ մտահոգություն է հայտնում, որ ազգատյացությունը ուղղվել է նաև թալիշների դեմ, և նշում, որ շարունակվող ազգատյացությունը կարող է հանգեցնել ռասիստական բռնությունների, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2012-ին Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ազատ արձակելը և գովաբանելը, ով Բուդապեշտում ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայկական բանակի սպային սպանելու համար, նպաստում է ռասիստական հանցագործությունների համար անպատժելիության զգացողության ձևավորմանը:

Եվրախորհրդի հանձնաժողովը Ադրբեջանի իշխանություններին առաջարկում է վերջ տալ ատելություն սերմանող ելույթներին, փոխարենը նպաստել փոխըմբռնմանը և փոխադարձ վստահությանը:

Հանձնաժողովը նշում է, որ Ադրբեջանը խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրությունը չի ընդունել, դավանանքի ազատության օրենքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, կրոնական տարբեր փոքրամասնություններ խիստ սահմանափակումների և խտրականության են ենթարկվել՝ ներառյալ ոստիկանական ստուգումներ և ձերբակալություններ:

2013 թվականից ի վեր տասնյակ մարդու իրավունքների պաշտպաններ, քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ և բլոգերներ են ձերբակալվել և բանտարկվել քաղաքական շարժառիթ ունեցող մեղադրանքներով՝ ստիպելով շատերին փախչել երկրից կամ թաքնվել: 2015 թվականի հունիսին Բունդեսթագը բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ՝ քննադատելով բռնաճնշումները և կոչ անելով իշխանություններին անմիջապես ազատել անարդարացիորեն բանտարկվածներին:

Կարդացեք նաև՝ HRW. Ադրբեջանի իշխանությունները, ազատելով որոշ ընդդիմադիրների, ձերբակալում են այլոց

Կոչ Formula 1-ին՝ բարձրաձայնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---