Ինչ անել weekend-ին. Վազք, ֆուտբոլ, փարթիներ, Թբիլիսի և զեղչեր

Ինչ անել weekend-ին. Վազք, ֆուտբոլ, փարթիներ,  Թբիլիսի և զեղչեր

PanARMENIAN.Net - Այս ամառն իր փոփոխական եղանակով հատուկ չէ Հայաստանին: Անտանելի շոգը մեկ րոպեում կարող է իր տեղը զիջել հորդառատ անձրևին և խառնաշփոթ մտցնել մեր ծրագրերի մեջ:

PanARMENIAN.Net ը ներկայացնում է մի քանի հետաքրքիր տարբերակ գալիք հանգստյան օրերին հարմար զբաղմունք գտնելու ցանկացած եղանակին:

Թբիլիսիում պարում են, Երևանում՝ վազում

Հուլիսի 8-ի ուշ երեկոյան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կմեկնարկի Tbilisi Summer Set Fest-2016 երաժշտական փառատոնը, որն արդեն 5-րդ տարին է, ինչ հավաքում է տարածաշրջանի էլեկտրոնային երաժշտության սիրահարներին: Այս տարի ևս նրանց համար կնվագեն վրացի և այլ ազգերի դիջեյներ: Երկօրյա փառատոնը տեղի կունենա Թբիլիսիի պետական համալսարանի տարածքում, այն կշարունակվի նաև հուլիսի 9-ին: Տոմս կարելի ձեռք բերել ինչպես մեկ, այնպես էլ երկու օրվա համար: Այս տարի նույնպես փառատոնին ներկա կգտնվեն մի շարք մեր հայրենակիցներ:

Հուլիսի 9-ի վաղ առավոտյան առողջ և ուրախ ապրելակերպի սիրահարները հնարավորություն կունենան մասնակցելու Yerevan Color Run-ին: Այս գունազարզ միջոցառումը կմեկնարկի առավոտյան ժամը 07:00-ին և կշարունակվի մինչև ժամը 11:00: Այս տարի միջոցառմանը կարող է մասնակցել շուրջ 3000 մարդ, մասնակիցները կհավաքվեն Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրին կից տարածքում, որի մոտից էլ կմեկնարկի վազքը: Վազքի ընթացքում մասնակիցների վրա լցնելու են գունավոր և բացարձակ անվնաս փոշեներկեր: Կազմակերպիչները խոստանում են շատ զվարճալի արդյունք: Վազքին կարող են մասնակցել 14 տարեկանը բոլորած բոլոր անձինք, տոմսի արժեքն է 4000 դրամ:

Եվրո-2016-ի եզրափակիչ

Հուլիսի 10-ին ֆուտբոլի անդավաճան երկրպագուները, որոնք հնարավորություն չեն ունեցել մեկնելու Ֆրանսիա՝ Փարիզի Սեն Դենի արվարձանի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում Եվրո-2016-ի խաղերը դիտելու, աշխարհի տարբեր վայրերում գամված կլինեն հեռուստաէկրաններին, քանի որ այդ օրը տեղի կունենա առաջնության եզրափակիչը, որին կհանդիպեն Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականները։ Երևանի ժամով այն կսկսվի 23:00-ին:

Առաջարկում ենք դիտել խաղերը Կարապի լճի մեծ էկրանին: Իսկ առավել աղմկոտ դիտումների և գարեջրի սիրահարներին առաջարկում ենք վայելել ֆուտբոլը Կասկադի շրջակայքի փաբերում և սրճարաններում, որոնց մեծ մասը ապահովել է բացօթյա դիտման հնարավորությունը: Այնտեղ դուք ազատ կկարողանաք արտահայտել ձեր հույզերը և գտնել բազմաթիվ համակիրներ:

Լողավազաններ

Եթե հուլիսի 9-ին լինի արևոտ եղանակ, առաջարկում ենք այցելել «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի բացօթյա լողավազանում կայանալիք փարթիին, որի ընթացքում, ինչպես նշում են կազմակերպիչները, դիջեյները կապահովեն որակյալ երաժշտություն: Հյուրանոցային համալիրը գտնվում էԵրևան-Էջմիածին մայրուղու վրա, միջոցառումը կսկսվի ժամը 12:00-ից, ակնկալվում է, որ կլինի շուրջ 300 մասնակից, մուտքը՝ տոմսերով:

Ավանում գործող Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի կամ, ինչպես ավելի հաճախ են ասում, ֆուտբոլի ակադեմիայի բացօթյա լողավազանը, թերևս, հայտնի է յուրաքանչյուր երևանաբնակին: Այն նախընտրում են թե՛ երիտասարդները ընկերական խմբերով հաճախելու համար, թե՛ ընտանեկան հանգիստը լողավազանում վայելել ցանկացողները: Լողավազանը միշտ մարդաշատ է, սակայն բոլորի համար էլ գտնվում է տեղ, մուտքը՝ վճարով:

Ջազն ու Ռիհաննան մեկ գավաթ գինով

Եթե նախընտրում եք ժամանցի որևէ այլընտրանքային տարբերակ, առաջարկում ենք հուլիսի 9-ին ժամը 21:00-ից այցելել «Էնոտեկա» գինետուն և գինիների մասնագիտացված խանութ, որտեղ հնարավորություն կունենաք վայելելու գինին ջազի հնչյունների ներքո: Այդ օրը գինետանը կնվագեն Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցն ու Ալեքս Բաբոյանը:

«Պլատո» սրճարան-գինետունը առաջարկում է հետաքրքիր ժամանց ամերիկյան երգչուհի Ռիհաննայի և տեղական ռեհանի լիմոնադի սիրահարներին: Հուլիսի 9-ին ժամը 20:00-ին գինետանը կմեկնարկի «ՌԵՀԱՆնա» յուրահատուկ անվանմամբ միջոցառումը, որի շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան ունկնդրելու երգչուհու նոր կատարումները և վայելելու թարմեցնող ռեհանի լիմոնադը:

Կինոսերների համար

Կինոսերները հանգստյան օրերին հնարավորություն կունենան «Սինեմա Սթար» և Kino Park կինոթատրոններում դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Մինչ քեզ հանդիպելը» (Me Before You), «Ծանծաղուտ» (The Shallows), «Խաբեության պատրանք 2» (Now You See Me 2), «Հանճարը» (Genius), «Հարսանեկան տենդ» (Mike and Dave Need Wedding Dates), «Լրտես ու կես» (Central Intelligence), «Բջջային հեռախոս» (Cell), «Բրեֆորների զվարճալի ընտանիքը» (Ma Loute), «Տարզան: Լեգենդը» (The Legend of Tarzan), «Առաջին Դեմք», «Մեծ և բարի հսկան» (The BFG), «Փնտրելով Դորիին» (Finding Dory):

Անգլիական այգում գտնվող CornPop բացօթյա կինոթատրոնը հուլիսի 9-ին լավ ֆիլմերի և հեծանվասպորտի սիրահարներին հրավիրում է հեծանվային զբոսանքի, այնուհետև` ֆիլմի դիտման:

Հեծանվորդներին ժամը 19.00-ին հրավիրում են Ազատության հրապարակ: Քաղաքում պտույտ տալուց հետո մասնակիցները կուղևորվեն Անգլիական այգի, որտեղ CornPop Cinema բացօթյա կինոթատրոնում կցուցադրվի «Շտապ առաքում» ֆիլմը հեծանվորդների մասին:

Իսկ նրանք, ովքեր գալու են միայն ֆիլմի դիտմանը և չեն մասնակցելու հեծանվային զբոսանքին, կարող են գալ Անգլիական այգի ժամը 20.30-ին:

Շոփինգ

Շոփինգի սիրահարներին ներկայացնում ենք Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գործող խանութ-սրահներում մեկնարկած սեզոնային զեղչերը: Այսպես, ‎ZARA,‬ ‪‎Bershka,‬ ‪‎Pull & Bear,‬ ‎Oysho,‬ Jennyfer‬, Massimo Dutti‬, Okaidi, Accessorize, Marks & Spencer, New Look, GAP, TopShop, Celio, Promod, F&F, Caprisa, Women'secret, Aldo, Baldi, Crocs, Mango, Basic Center‬, Parfois‬, Premium One‬, Salute CO խանութներում մեկնարկել են ամառային զեղչերը մինչև 50%, իսկ որոշներում մինչև 60-70%:

Հանրապետության 61 հասցեում գործող BHS խանութ-սրահն էլ առաջարկում է 30% զեղչ հագուստի ողջ տեսականու համար:

Իսկ սպորտի սիրահարները կարող են գնումներ կատարել «Սպորտլանդիա» մարզական հագուստի, կոշիկների և այլ պարագաների մասնագիտացված խանութում, որտեղ նշված տեսականին կարող են ձեռք բերել 50% զեղչով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---