«Կոմերսանտ». Տեսանելի ապագայում Ղարաբաղի հարցում տարաձայնությունները դժվար թե հաջողվի հարթել

«Կոմերսանտ». Տեսանելի ապագայում Ղարաբաղի հարցում տարաձայնությունները դժվար թե հաջողվի հարթել

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան այցից մեկ շաբաթ անց եղավ նաև Ադրբեջանում, որտեղ բանակցեց նախագահ Իլհամ Ալիևի և իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Երկու այցելությունների ուշադրության կենտրոնում ղարաբաղյան կարգավորման հարցն էր, գրում է «Կոմերսանտը»:

Ամփոփիչ մամուլի ասուլիսում Մամեդյարովը հայտարարել է, որ քննարկելով ղարաբաղյան կարգավորման հեռանկարները, ՌԴ ԱԳ նախարարը պատմել է նաև Երևան վերջին այցելության մասին. «Այն տեղեկությունը, որով կիսվեց մեզ հետ պարոն Լավրովը, դրական է տրամադրում»:

Ապրիլի 4-ին Երևանում մասնակցելով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի աշխատանքին`ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ոչ պաշտոնական երկկողմ բանակցություններ է վարել հայկական կողմի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ:

Նախարարները, սակայն, մանրամասներ չեն ներկայացրել: «Հասկանալի պատճառներով մենք չենք քննարկում այն գաղափարների մանրամասները, որոնք քննարկվել են հանդիպման շրջանակում: Երեք երկրների ղեկավարները հունիսի 20-ից հետո հատուկ պայմանավորվել են, որ խնամքով են վերաբերվելու հույսի այն ծիլերին, որ հայտնվում են: Ոչ թե այն պատճառով, որ թաքցնելու ինչ-որ բան ունենք, այլ ուղղակի դա բանակցություններում ընդունված էթիկայի նորմ է»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Բաքվում:

Բանակցությունների կուլուարներում նման զսպվածությունը բացատրում են նրանով, որ կողմերին հաջողվել է համաձայնության գալ կարգավորման որոշ ոչ սկզբունքային հարցերի շուրջ, սակայն, դեռ պետք է ձևակերպումներ գտնել, որոնք թույլ կտային Երևանին և Բաքվին պահպանել դեմքը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում է ՀՀ և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հավանականությունը` Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ այդպիսի հնարավորություն քննարկվում է, խոսք է գնացել Փարիզի մասին: «Ադրբեջանը միշտ կողմ է նման հանդիպումներին: Վայրն առանձնապես կարևոր չէ: Գլխավորն այն է, որ դա չլինի հանդիպում հանուն հանդիպման, այլ սուբստանտիվ բնույթի գործընթաց»,-ասել է նա:

«Իմ օրոք, այս բանակցային փուլն ամենաակտիվն է, հուսով եմ, նաև հաջող կլինի»,-ասել է Իլհամ Ալիևը` ընդունելով Լավրովին իր նստավայրում: Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Գասիմովը հաստատել էր, որ հանդիպման հիմնական թեման ղարաբաղյան հակամարտությունն է եղել: Նա հույս է հայտնել, որ «Ռուսաստանը կօգտագործի իր հնարավորությունները, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ մեկտեղ, ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար»:

Չնայած այս ամենին, տեսանելի ապագայում հազիվ թե հաջողվի լուծել սկզբունքային հարցերը: Չնայած Երևանի հետ երկխոսության պատրաստակամությանը, Ադրբեջանի իշխանությունները լուրջ զիջումների մտադիր չեն գնալու: Լավրովի Բաքու այցի նախօրեին Ալիևը հայտարարեց. «Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, ստատուս քվոն պետք է փոխվի»: Այսպիսի պահանջների հետ հազիվ թե երբևէ համաձայնեն Հայաստանի և ԼՂ իշխանությունները, գրում է թերթը:

Նախագահ Սերժ Սարգսյանը, հուլիսի 9-ին ելույթ ունենալով Վարշավայում` Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում, հայտարարել է, որ ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Ընթերցեք նաև. ՀՀ նախագահ. ԼՂ ժողովուրդը չի համաձայնի Ադրբեջանի կազմում լինել (վիդեո)

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---