ԵԱՀԿ-ն հետաձգել է Ղարաբաղի գծով հանդիպումը, որն անցնելու էր Թուրքիայում

ԵԱՀԿ-ն հետաձգել է Ղարաբաղի գծով հանդիպումը, որն անցնելու էր Թուրքիայում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որն անցնելու էր Թուրքիայում, հետաձգվել է: Այդ մասին հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 18-ին կժամանեն Թուրքիա, որտեղ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը: «Հանդիպմանը մենք կներկայացնենք թուրքական կողմի տեսակետը այդ հարցում և կծանոթանանք ղարաբաղյան կարգավորման շուրջ գործընթացներին»,-ասել էր Չավուշօղլուն:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղարաբաղյան կարգավորմանն ուղղված հանդիպումները հետաձգվել են: Այժմ մենք քննարկում ենք հաջորդ հանդիպման ամսաթիվը»,-ասել է Ուորլիքը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---