ՀՅԴ. Որակական փոփոխություններ են պետք, բայց ծայրահեղական մտածողությունը հեռացնում է դրանցից

ՀՅԴ. Որակական փոփոխություններ են պետք, բայց ծայրահեղական մտածողությունը հեռացնում է դրանցից

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամների կողմից Երևանի Էրեբունի շրջանում ՊՊԾ գնդի գրավումից և պատանդեր վերցնելուց հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի քաղաքացիներն ու հայությունը նոր փորձության առաջ են: Զենքի ուժով քաղաքական փոփոխություններ են պահանջում մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի մեթոդներն ու ձևերը չեն ընդունում: Առկա է փակուղային իրավիճակ, առկա է մտածողության ճգնաժամ: Որ մտածողությունը կհաղթի, ինչ հանգուցալուծում կունենանք, սրանից է կախված երկրի հետագա ընթացքը: Այս իրադրության մեջ յուրաքանչյուրը` անհատ, թե հասարակական-քաղաքական խմբավորում պարտավոր է հստակ դիրքորոշում ունենալ:

Ոստիկանական զորամասի գրավումից ժամեր անց, երբ դեռ հայտնի չէր, որ գնդապետ է զոհվել, ՀՅ Դաշնակցությունը արտահայտել է իր դիրքորոշումը` այո, անհրաժեշտ են որակական փոփոխություններ, բայց ծայրահեղական մտածողությունը ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում է այդ փոփոխությունները: Զենքով, բռնությամբ, պատանդներով և ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու: Նպատակն ինքնին չի արդարացնում միջոցները:

Ով հակառակն է մտածում կամ աջակցում է այդպես մտածողներին, ուղղակի բացառում է ուժեղ, կազմակերպված, ազատ երկիր ունենալու հեռանկարը: Պատրանք ստեղծելով, թե պայքարում են լավ իշխանության, լավ Հայաստանի համար, իրականում ոչնչացնում են Հայաստանը:

Այն պնդումները, թե մեր երկրի ծանր իրավիճակը փոխելու այլ ելք չի մնացել կեղծ են ու մտացածին: Ելք կա: Բայց այդ ելքը պահանջում է աշխատանք, գիտակից կազմակերպվածություն, ազատ քաղաքացիների համախմբում, հետևողական պայքար մեզ թուլացնող բոլոր երևույթների դեմ, ինչի հիմքերը դժվարությամբ, բայց ստեղծվում են:

Հայհոյանքը, թշնամանքը, ատելությունը, բռնությունը, ժողովրդի արդարացի ակնկալիքներն ու դժգոհությունը անտեսելը միշտ պառակտում ու ոչնչացնում են հայության հավաքական ներուժը: Արդյունքում քառօրյա պատերազմից հետո ստեղծված մեր աներևակայելի համազգային համախումբը այսօր լրջորեն վտանգված է:

Ճշմարտությունը միշտ դառն է, բայց այն չասելը անպատասխանատվություն է ու անողնաշարություն:

Հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո երրորդ հարվածն է հասցվել մեր պետականությանը: Վտանգ կա, որ նորից տարիներ ենք կորցնելու, ինչը հղի է ներքին ու արտաքին կյանքում նոր կորուստներով: Չհասկանալ սա, չդատապարտել կատարվածը, նշանակում է ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին:

ՀՅ Դաշնակցությունը ձգտում է իրավիճակի բացառապես խաղաղ հանգուցալուծման, անթույլատրելի է համարում նոր արյունահեղությունը, իրավապահ մարմիններից պահանջում է արհեստավարժություն, պահանջում է հարգել օրինապահ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը, վճռականորեն դատապարտում է պայքարի ոչ քաղաքական մեթոդներն ու ծայրահեղական մտածողությունը:

Մենք կարող ենք և ունենալու ենք ուժեղ, ազատ, բարեկեցիկ Հայաստան: Այդ ճանապարհին պարտավոր ենք ձևավորել և նոր որակի իշխանություն: Այդ ճանապարհը մենք անցնելու ենք այս արժեքներով ու գիտակցությամբ առաջնորդվող հասարակության լայն շրջանակների հետ, ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Ընթերցեք նաև. Տեր-Պետրոսյանի կոչը Սեֆիլյանին` ճգնաժամային իրավիճակում ԼՂ ու ՀՀ ճակատագիրը վեր դասել ամեն ինչից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---