Պոլսահայ ուսուցիչը հեռացվել է աշխատանքից. Պատճառաբանվել է գյուլենական լինելով

Պոլսահայ ուսուցիչը հեռացվել է աշխատանքից.   Պատճառաբանվել է գյուլենական լինելով

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ ազատվեցին աշխատանքից: Հեռացումը հիմնավորվում էր գյուլենական համայնքի հետ կապ ունենալու հանգամանքով:

Նույն պատճառաբանությամբ աշխատանքը կորցրել է պոլսահայ ուսուցիչ Արի Հերգելը: Ստամբուլի արվեստի և մասնագիտական կրթության կենտրոնը, որտեղ Հերգելը 8 տարի կիթառ է դասավանդել, հեռախոսի sms հաղորդագրությամբ տեղեկացվել էր աշխատանքից ազատվելու մասին:

Հերգելը «Ակօս» շաբաթաթերթին հայտնել է, որ ինքը չգիտի, թե ինչ հիմքերով են իրեն հեռացրել աշխատանքից, սակայն ստացած հաղորդագրության մեջ որպես պատճառաբանություն նշվում է գյուլենական համայնքի հետ կապի մասին, գրում է Ermenihaber.am-ը:

«Հետագայում ո՛չ ծանուցման մեջ, ո'չ առանձնազրույցի և ո'չ էլ հեռախոսազրույցների ժամանակ այդպես էլ չկարողացա իմանալ, թե ինչ տեղեկությունների կամ փաստաթղթեր հիման վրա են նման որոշում կայացրել», - ասել է Հերգելը:

Պոլսահայ ուսուցիչը նշել է, որ պատրաստվում է դիմել դատարան անօրինական գործընթացը կասեցնելու համար: Ըստ երաժշտի՝ ինքն աշխատանքը կորցնելուց հետո էլ է ի վիճակի իրեն ֆինանսապես ապահովել, բայց նույն հաստատությունում աշխատանքից հեռացված այնպիսի մարդիկ են եղել, որոնց համար այդ աշխատանքը ապրուստի միակ միջոցն էր: Եղել են նաև այնպիսիները, որոնք մի քանի ամսից պիտի անցնեին թոշակի:

Թուրքիայի իշխանությունները նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ գյուլենական համայնքին և նրա ղեկավար ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին է մեղադրում հուլիսի 15-ին հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---