«Սասնա ծռերի» գործին է միացվել 2015-ի ապրիլին «ծրագրված անկարգությունների» գործը. 60 մեղադրյալ կա

«Սասնա ծռերի» գործին է միացվել 2015-ի ապրիլին «ծրագրված անկարգությունների» գործը. 60 մեղադրյալ կա

PanARMENIAN.Net - 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքը գրավելու առթիվ հարուցված քրգործին է միացվել նաև 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՔՕ 35-225-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված գործը:

Ինչպես հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, «Սասնա ծռերի» գործին է միացվել նաև 2016 թվականի մայիսի 20-ին Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակից «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հրազեն հանդիսացող երկու ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ հայտնաբերելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Վերոնշյալ գործի շրջանակներում էր ձերբակալվել Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ մեղադրանքի, նա մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը

Նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ: 50 անձ կալանավորված է, երկուսը գտնվում են հետախուզման մեջ, մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:

Բոլոր մեղադրյալներին տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ վերցնելը), 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 35-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների տարբեր մասերով:

Տուժող է ճանաչվել 19 անձ:

Հարցաքննվել է 75 անձ (վկաներ, տուժողներ, մեղադրյալներ), կատարվել են քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, 19 անձից հետազոտման և նույնականացման համար ստացվել են նմուշներ, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի վերծանումներ, պահանջվել են բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոշումներ են կայացվել 25 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց առաջադրվել են մեղադրանքներ, 23-ի վերաբերյալ դատարաններից ստացվել են կալանավորման թույլտվություններ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված սկզբնական փաստական տվյալների համաձայն՝ կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, պարզվել է, որ ՊՊԾ գնդի հարակից տարածքում հրկիզվել է 5 ավտոմեքենա, ևս 16 ավտոմեքենա վնասվել է գնդի տարածքում:

Ձեռնարկվում են դատավարական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ ոստիկանության երեք ծառայողների՝ Ա. Վանոյանի, Յու. Տեփանոսյանի և Գ. Մկրտչյանի սպանության, ինչպես նաև մյուս անձանց հրազենային կամ այլ վնասվածքներ պատճառելու հանգամանքները պարզելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---