Ապրիլին Արցախում զոհված Ադամ Սահակյանի անունով դասարան կբացվի

Ապրիլին Արցախում զոհված Ադամ Սահակյանի անունով դասարան կբացվի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում Արցախում ապրիլյան մարտերի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի անունով դասարան կբացվի: Օգոստոսի 19-ը Ադամի ծննդյան օրն է, հայտնում է Panorama-ն:

Ֆեյսբուքյան օգտատերերից Աշոտ Ասատրյանը, որն Ադամի հետ միասին նույն դպրոցում է սովորել, մասնավորապես գրել է. «Այսօր Արցախի արծիվներից մեկի ծննդյան օրն է: Մեր Ադամը այսօր ֆիզիկապես ներկա չի լինի իր ծննդյան արարողությանը, ընկերների հետ չի խմի տարբեր կենացներ, բայց կլսի շատ շնորհավորանքներ:

Ապրիլին զոհված ու հերոսացած տղերքից իմ համար Ադամը տարբերվում էր, քանի որ մանկուց ճանաչել եմ իրեն: Ադամին ճանաչել եմ, երբ դպրոցական էր, նույն դպրոցն ենք սովորել, եղել եմ նրանց տանը, ճանաչում եմ նաև ծնողներին ու եղբորը: Շատ աշխույժ ու էներգիայով լեցուն տղա էր:

Ադամը զոհվեց հանուն հայրենիքի, կռվեց ադրբեջանական դրոշի տակ ծառայող մարդասպանների հետ: Կռվեց մինչև վերջ, հայրենիքին տվեց ամենաթանկ բանը՝ կյանքը: Ադամի ու ադամների շնորհիվ ենք մենք խաղաղ ապրում»:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---