Թուրքիայում ձերբակալվել են Դինքի սպանության գործով զբաղվող բոլոր քննիչներն ու դատավորները

Թուրքիայում ձերբակալվել են Դինքի սպանության գործով զբաղվող բոլոր քննիչներն ու դատավորները

PanARMENIAN.Net - Պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով զբաղվող բոլոր քննիչներն ու դատավորները ձերբակալվել են: Այս մասին հայտնում է Tert.am-ը t24 լրատվական կայքի վրա հղումով:

Նրանք մեղադրվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու համար:

Այս քննչական խումբն էր հայտարարել, որ Դինքի սպանության մեջ չկա կազմակերպված խմբավորման գործունեության որևէ հետք, և հանցանքը պլանավորված է անհատների կողմից:

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 9 տարի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---