ՀՀ նախագահ. Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծող ուժ աշխարհում գոյություն չունի

ՀՀ նախագահ. Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծող ուժ աշխարհում գոյություն չունի

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է։

«1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է: Քառորդ դար առաջ արցախահայությունը կատարեց իր անբեկանելի ընտրությունը: Այդ բախտորոշ քայլը գիտակցված էր և իմաստավորված: Այդ ընտրությամբ, այդ կամքով ու վճռականությամբ ստույգ մահվան անդունդի եզրից դեպի կյանք և դեպի ազատություն վերադարձավ հայության ամենավտանգված հատվածը՝ արցախահայությունը:

Դուք կռվեցիք և հաղթեցիք անհավասար պատերազմում: Դուք կառուցեցիք մի պետություն և հասարակություն, որն ազատ է ինչպես երբևէ: Դուք ստեղծեցիք բանակ, որն ամուր է և մարտունակ ինչպես երբևէ: Դուք ավերակներից բարձրացրիք մի երկրամաս, որ երբևէ այսքան խնամված ու գեղեցիկ չի եղել: Դուք ապացուցեցիք ինքներդ ձեզ, ողջ հայությանը և աշխարհին, որ ազատ Արցախը ոչ միայն կենսունակ է, այլև ունի բազմակողմանի զարգացման մեծ ներուժ:

Իհարկե, այդ ներուժը դեռ ամբողջությամբ չի իրացվել: Իհարկե, դեռ շատ անելիքներ ունենք և՛ Արցախում, և՛ Հայաստանում: Եվ իհարկե, անելու ենք մեր անելիքը: Անելու ենք համայն հայության ջանքերով: Անելու ենք ի հեճուկս բոլոր դժվարությունների և մարտահրավերների»:

Նախագահը նշել է, որ անցած ապրիլի ռազմական գործողությունները ևս մեկ անգամ, կարելի է ասել՝ մի ավելորդ անգամ, ապացուցեցին, որ թշնամին մեծ կորուստներով հետ է շպրտվելու, եթե փորձի ռազմական ճանապարհով հարց լուծել: «Ապացուցեցին, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծող ուժ աշխարհում գոյություն չունի: Գոյություն չունի, որովհետև դուք կաք, որովհետև դուք հավատարիմ եք 25 տարի առաջ կատարած ձեր ընտրությանը: Չկա՛ ռազմական ճանապարհ: Կա քաղաքակա՛ն ճանապարհ:

Այսօր՝ այս նվիրական օրը, կրկին ասում եմ ձեզ. ինչպես երեկ, ինչպես այսօր, այնպես էլ վաղը դու՛ք եք որոշում ձեր ճակատագիրը: Արցախի լուսավոր ապագայի նկատմամբ մենք կասկածներ չունենք»,-ասվում է նախագահի ուղերձում, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

1991-ի սեպտեմբերի 2–ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրապետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:

1991-ի դեկտեմբեր 10–ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում Արցախի բնակչությունը «այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: «Այո» էր պատասխանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների 99,89%–ը (108.615 մարդ):

1991-ի դեկտեմբերի 28-ին ձեւավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդն (խորհրդարան) ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին, դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ իրավական փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---