Վարչապետը հրաժարական է տվել

Վարչապետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել: Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի ապրիլի 13-ից:

«2014 թ մայիսին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ես հատուկ շեշտադրեցի հանրային մտահոգություններին ականջալուր լինելու և համագործակցության վերաբերյալ իմ համոզմունքը: Իմ ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում ես պայքարել եմ քաղաքական անջրպետների դեմ` աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար»,- ասել է Աբրահամյանը՝ հավելելով, որ իր կողմից ղեկավարվող կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար:

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձևավորելու համար: Գիտնական, թե հողի աշխատավոր, արվեստաբան թե առևտրական, դաշնակից թե ընդդիմադիր, շինարար թե կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացի, ես հանդիպել եմ բոլորի հետ՝ անկեղծորեն ներկայացրել առկա սահմանափակումները և տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ:

Մեր որդեգրած անկեղծ և իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան՝ սակայն հասարակությունը դեռևս մնաց բևեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռևս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը:

Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ:

Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»,- շեշտել է նա:

«Իսկ աշխատանքներ իրապես կատարված են: Երբևէ չեմ խոսել և չեմ խոսելու իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին առկա իրավիճակի մասին: Դա իմ աշխատաոճը չէ: Սակայն բաց ճակատով խոսելու եմ կառավարության մեր համատեղ աշխատանքով ձեռք բերած արդյունքների մասին:

Էական թափ են ստացել գյուղատնտեսության կենսատու ոռոգման համակարգերի աշխատանքները, նախաձեռնվել և իրականցվում են կառավարության գերակայություն հանդիսացող ջրամբարաշինության աշխատանքները: Կառավարության ծրագրով կանխորոշված բոլոր չորս ջրամբարներն ունեն հստակ ֆինանսավորման աղբյուրներ և գտնվում են իրականացման տարբեր փուլերում՝ տեխնիկական հիմնավորումից մինչև շինարարություն:

Վերականգնվել և էապես արագացել են Իրանի և Վրաստանի հետ տարածաշրջանային ինտեգրացիան խորացնող, արտահանման մեծ ներուժ ապահովող բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը: Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է տվել մեր գործարարներին նվազեցնել արտաքին առևտրի գործառնական ծախսերը և մեղմել 2015 թ տարածաշրջանային տնտեսական շոկերը:

Մեծածավալ աշխատանք է կատարվել Երևանում որոշ կառուցապատողների ձախողման արդյունքում երկարատև ժամանակ կեցավայր չունեցող քաղաքացիների իրավունքների վերականգնման և աջակցության համար, նրանց խնդիրների լուծման արդյունքում կենսունակ է դարձել վաղուց քննարկվող «Հին Երևան» ծրագիրը, որը կմեկնարկի շուտով:

Մետաղի գների աննախադեպ անկման պայմաններում կառավարության գործուն աջակցությամբ էապես աճել է հանքարդյունաբերության թողարկումը, սկսել է աշխատել բազմաթիվ աշխատատեղեր ապահովող Ամուլսարի հանքավայրը:

Հայաստանի տնտեսությունում իրականացավ մեր պատմության խոշորագույն ամերիկյան ներդրումը՝ Որոտանի կասկադում ներդրվեց 180 մլն ԱՄՆ դոլար, որը կապահովի համալիրի վերազինումն ու հուսալի շահագործումը:

2015թ․-ի հունվարից ուժի մեջ մտած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո հիմնվել են 125 սկսնակ ընկերություն: Ընդ որում, կարևոր է, որ ոլորտում նոր ընկերությունների բացվելու ու հավաստագրման դիմելու տեմպերը հետզհետե ավելանում են։

Բյուջետային ոլորտում, չնայած սաստկացող ֆիսկալ ճնշումներին, 2014 թվականից տարեկան մոտ 40 մլրդ դրամով ավելացվեցին աշխատավարձերը, Էապես բարելավվեցին արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրերի կատարողականը: 2013 թ ցածր կատարողականն արդեն 2014 թ արձանագրեց էական բարելավում, իսկ 2015 թ կատարողականն ավելացավ ավելի քան 35 մլրդ դրամով՝ հասնելով մոտ 100 մլրդ դրամի, ինչի արդյունքում ծրագրերը գերակատարվեցին 25 տոկոսով»,- հավելել է նա:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ չնայած 2015թ արձանագրված էական արտաքին տնտեսական շոկին, տնտեսությունը գրանցեց տարածաշրջանում տիրապետող բացասական միտումներին հակադրվող 3 տոկոս տնտեսական աճ: 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Արդյունքում, անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցեց 4.8% աճ:

«Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճը ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ: Սա նշանակում է, որ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք որակապես նոր՝ արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի:

Շատերի կողմից սկսեց շահարկվել հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ անտեսելով 2016 թվականին տնտեսությանը բաժին ընկած երկու հուժկու հարվածները՝ ապրիլյան պատերազմն ու ոստիկանության գնդի զինված գրավումը հուլիսին: Սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի՝ ապագա ամիսների աճը ցույց կտա գյուղատնտեսության դեռևս չսպառված ներուժի, էներգետիկայի սեզոնայնության դրական ազդեցությունները, իսկ եկող տարվա աճը վեր կհանի մեր ստեղծած առողջ նախադրյալները»,- ասել է նա՝ կարևորելով նաև կոռուպցիայի դեմ պայքարը:

«Այն բազմադեմ է, բազմաշերտ և պետք է հետևողականորեն և համապարփակ կերպով պայքարել դրա դեմ՝ չխորշելով անմիջական լուծումներից, սակայն խնդրին մոտենալով հիմնարար կերպով:

Կառավարությունը քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցելով նախապատրաստել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես արդեն շրջանառվում են Բարձրաստիճան պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացման, թերի հայտարարագրման պատժելիության, պետական գնումներին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման, կանխիկ գործառնությունների սահմանափակման նախագծերը: Մշակման փուլում է գտնվում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հայտնող անձանց պաշտպանության և խրախուսման նախագիծը: Խորությամբ վերլուծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ նոր համակարգի` հակակոռուպցիոն առանձին մարմնի ստեղծման գաղափարը:

Այս ամենն ամբողջացնող օրենսդրական փաթեթը կյանքի կոչելու համար մենք նախատեսում էինք հոկտեմբերին հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նիստ: Այդ փաթեթն, իմ կարծիքով, կլինի այն լավագույն գործիքներից մեկը, որով նոր կառավարությունը կարող է սկսել համախմբել մեր բևեռացված հասարակությունը»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով բոլորին համատեղ աշխատանքի համար:

Հովիկ Աբրահամյանն իր քաղաքական գործունեությունը սկսել է ՀՀ անկախության սկզբնական շրջանից, երբ 1995 թվականին ընտրվել է ՀՀ-ի Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ Նույն թվականին ստացել է Արտաշատի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը։ 1996 թվականից մինչև 1998 թվականը եղել է Արտաշատի քաղաքագլուխ։ 1998 թվականին Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Արարատի մարզի մարզապետ։ Հովիկ Աբրահամյանի Հանրապետական կուսակցության շարքերում ակտիվ կուսակցական գործունեությունը հնարավորություն է տվել նրան կառավարության կազմում ընդգրկվելուն։

2000 թվականին նշանակվել է քաղաքաշինական գործունեության և տարածքային վարչության կենտրոնացման գծով նախարար։

Հովիկ Աբրահամյանը որպես նոր գերատեսչության ղեկավար ընդգրկվել է Հայաստանի Անվտանգության Խորհրդի կազմում։ Նրա լիազորությանն են տրվել նաև տասը մարզի և Երևան քաղաքի տեղական օրգանների ղեկավարների գործունեության անմիջական վերահսկողության իրականացման պարտականությունները։

2000-2008 թ.-ներին Հովիկ Աբրահամյանը եղել է Տարածքային կառավարման նախարար։ 2007-2008 թ.-ներին զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։ 2008 թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2005 թ.-ից մինչև օրս հանդիսանում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ։

Ծառայել է խորհրդային բանակում: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ է: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, գործադիր մարմնի և խորհրդի անդամ: ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների և Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրում ունենալու համար` ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով, «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով, սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան շքանշանով, Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի «Համագործակցություն» շքանշանով:

Կարդացեք նաև՝Հովիկ Աբրահամյան, թվապատում. Նախկին վարչապետի կառավարման 29 ամիսը

 Ուշագրավ
---