ՌԴ դեսպանի խորհրդական. Մոսկվան չունի ՀՀ քաղաքացիների «սև ցուցակ»

ՌԴ դեսպանի խորհրդական. Մոսկվան չունի ՀՀ քաղաքացիների «սև ցուցակ»

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովն, անդրադառնալով ավելի վաղ մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանից ՀՀ քաղաքացի, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի վտարման միջադեպին, հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները չունեն ՀՀ քաղաքացիների «սև ցուցակ», ըստ որի կարգելվեր նրանց մուտքը երկիր, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այնուամենայնիվ, ըստ նրա, Ռուսաստանը որպես ինքնիշխան պետություն իրավունք ունի արտոնել կամ արգելել այս կամ այն անձի մուտքը երկիր:

Օգոստոսի 30-ի առավոտյան Գրիգորյանը ժամանել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան՝ Մոսկվայում հոր գերեզմանն այցելելու նպատակով: «Սակայն ես չկարողացա մուտք գործել ՌԴ տարածք` ռուս սահմանապահները տեղեկացրեցին, որ ինձ արգելված է մուտքը ՌԴ մինչև 2030թ»,-նշել է Գրիգորյանը: Նույն օրը Գրիգորյանին վտարել են Հայաստան, թեև, ինչպես նշել է քաղաքագետը, ավելի ուշ պարզվել է, որ նույնիսկ ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության կայքի նա այժմ էլ իրավունք ունի այցելել ՌԴ:

Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդականը չի խոսել այդ արգելքի հնարավոր պատճառների մասին` նշելով միայն, որ դրանք իրեն հայտնի չեն: «Այս համատեքստում այնպես է ստացվել, որ Գրիգորյանին արգելվել է մուտքը Ռուսաստանի տարածք: Մենք պարտավոր չենք մեկնաբանել, բացատրել, սակայն, ղեկավարվելով ՀՀ ԱԳՆ հայտարարությամբ մենք մեկնաբանություն ենք խնդրել մեր համապատասխան կառույցից և զբաղվում ենք այդ հարցով: Արդյունքների մասին կհայտնենք ՀՀ ԱԳՆ-ին»,-ասել է Շապովալովը:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ստեփան Գրիգորյանին Ռուսաստան մինչև 2030 թ. այցելելու արգելքն աննախադեպ է և որ ՀՀ ԱԳՆ-ն դիմել է ՌԴ ԱԳՆ և սպասում է համապատասխան բացատրության:

Ըստ ՌԴ դեսպանի խորհրդականի, Գրիգորյանն «ազատ մարդ է և կարող է պաշտպանել իր իրավունքները ցանկացած օրինական միջոցով»: Շապովալովը վստահ է, որ այս միջադեպը բացասաբար չի անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Կարծում եմ, որ ռուս-հայկական հարաբերությունները ոչինչ չի կարող փչացնել: Իսկ հիմա մնում է միայն հետևել իրադարձությունների զարգացմանը»,-ասել է նա:

«Ցանկացած երկրի իրավունքն է առանց նույնիսկ որևէ բացատրության համապատասխան քայլեր կիրառել: Սակայն այս դեպքը արտառոց է այն առումով, որ առաջին անգամ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում այդպիսի քայլ է կիրառվել: Դա նախադեպային է: Այդ իսկ պատճառով մենք դիմել ենք ՌԴ ԱԳՆ և սպասում ենք համապատասխան բացատրության», - լրագրողների հետ զրույցում ավելի վաղ ասել էր Շավարշ Քոչարյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---