Վրաստանի ՄԻՊ-ը հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվողի ինքնասպանության դեպքով նյութեր է պահանջել

Վրաստանի ՄԻՊ-ը հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվողի ինքնասպանության դեպքով նյութեր է պահանջել

PanARMENIAN.Net - Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին պահանջել է Գլդանի №8-րդ բանտում ինքնասպանություն կատարած բանտարկյալ Նոդար Ակոպովի բանտախցի վիդեոտեսագրությունը:

Ակոպովը մեղադրվում էր Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի Քաչոտյանների ընտանիքի 4 անդամին սպանելու մեջ, նա ինքնասպանություն է գործել օգոստոսի 27-ին: Ակոպովի մահվան փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115- րդ հոդվածի համաձայն` հասցնել ինքնասպանության:

«Ակոպովի կալանքի պայմանները նորմալ էին, բայց նա երկու անգամ փորձել է ինքնասպան լինել, որի պատճառով նրան տեղափոխել են մենախուց», - հայտնել է Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին՝ հավելելով, որ տղամարդուն մահացած են գտել խցի լոգարանում, Jnews.ge-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ Ակոպովի խցիկում տեղադրված էր վիդեոհսկողություն: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ դեռ չկա որևէ ապացույց, որ, Ակոպովի հանդեպ բռնի գործողություններ են ձեռնարկվել այլ բանտարկյալների կամ պահակախմբի կողմից:

Հանրային պաշտպանի գրասենյակը հարցում է ուղարկել դատախազություն տրամադրելու բանտարկյալի տեսագրությունը, ով ենթադրաբար ինքնասպանություն է գործել:«Մենք նամակ ենք ուղարկել` պահանջելով տրամադրել այս դեպքի վերաբերյալ բոլոր տվյալները, որպեսզի համոզվենք այն բանում, որ Ակոպովի հանդեպ բռնություն չի կիրառվել», - հայտարարել է Նանուաշվիլին:

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում 2016-ի հուլիսին հարևանները հայտնաբերել են 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի և նրա՝ 5, 16 և 18-ամյա երեք երեխաների՝ Սերյոժայի, Արմինեի և Ասյայի դիերը: Տանը միայն նրանք էին ապրում, իսկ հայրը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի:

Վաչիանն ամբողջությամբ հայաբնակ է: Այն գտնվում է Ախալքալաքից 6 կմ հեռավորության վրա: Այդ գյուղի տարածքով է այժմ անցնում նորաբաց՝ թուրք-վրացական Կարծախի սահմանից սկսվող միջպետական ճանապարհը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---