Ջորջ Տաբակյանը, Հայրենական մեղրագործության էնտուզիաստը

Ջորջ Տաբակյանը, Հայրենական մեղրագործության էնտուզիաստը

PanARMENIAN.Net - Արտերկրից հայրենիք վերադարձած գործարարները շարունակում են իրենց փորձառությամբ, նորարարական մտածելակերպով և մոտեցումներով Հայաստանի տնտեսությանը թարմ շունչ հաղորդել: Հայրենադարձ գործարարներից մեկն էլ Ջորջ Տաբակյանն է, ով ծնվել և մեծացել է Լիբանանում, այնտեղ ստացել կրթություն, զբաղվել ձեռներեցությամբ, բայց որոշ ժամանակ անց որոշել է իր գործունեությունը շարունակել Հայաստանում:

Տաբակյանը Հայաստան է եկել 2011-ին, 2013-ին հիմնել է «Մեր Սարեր Հոլդինգ» ՍՊԸ-ն, որն այժմ Honey.am բրենդի ներքո զբաղվում է երկրի տարբեր անկյուններում ստացվող մեղրի մթերմամբ և վերամշակմամբ:

«Ինձ միշտ էլ շատ հետաքրքիր է եղել մեղրի արտադրությունը, հայկական տարբեր բնակավայրերում ստացվող մեղրի առաջխաղացումը շուկայում: Այս գործով զբաղվելու գաղափարի վերջնական ձևավորումից հետո սկսեցինք ուսումնասիրել Հայաստանյան մեղրի շուկան և արտադրության զարգացման հեռանկարները. այդ գործընթացը տևեց շուրջ մեկ և կես տարի: Սկզբում մի փոքր դժվար էր. մեղվաբույծները կասկածանքով էին մեզ վերաբերվում, վաճառողները չէին ցանկանում համագործակցել, էլ չեմ ասում, որ գնորդը չէր հավատում մեր կողմից առաջարկվող մեղրի՝ իրոք էկոլոգիապես մաքուր լինելուն», - պատմում է նա:

Մեղրը ինքին բավականին թանկ է, և երբ Honey.am-ը առաջին քայլերն էր կատարում, ընկերությունը ստիպված էր մեղրը վաճառել գրեթե ինքնարժեքով: Այդ ժամանակ գերխնդիրը գնորդի կողմից վստահության արժանանալն էր և դրա արդյունքում շուկայում կայուն դիրք գրավելը: Հիմա՝ գործունեության մեկնարկից երեք տարի անց, ընկերությունը բավականին մեծ հաջողություններ է գրանցել. այն գործակցում է խոշոր խանութների ցանցերի հետ՝ առաջարկելով տարեցտարի ընդլայնվող մեղրի տեսականի, իսկ արտադրանքը բավականին ճանաչված է դարձել:

Այս պահին ընկերության հետ համագործակցող մեղվապահները աշխատում են Արփի Լճի, Բերքաբերի, Քարվաճառի, Շամշադինի, Ուրցասարի, Հայթաղի տարածքում, իսկ Honey.am ապրանքանիշի ներքո ներկայացված մեղրերից յուրաքանչյուրը կրում է մեղրի ստացման վայրի անվանումը:

«Բնականաբար, առաջնային խնդիր էր նաև արտահանումը, քանի որ ամբողջ աշխարհում բնական, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի մեծ պահանջարկ կա, և մեր մեղրը այդ պահանջներին ամբողջությամբ համապատասխանում է: Այս առումով շատ կարևոր էր մեր մասնակցությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի (Գերմանիայի բնության պաշտպանության միություն – խմբ.) կողմից համատեղ իրականացվող օրգանական սննդի սերտիֆիկացման ծրագրին, որտեղ հաղթող ճանաչվեցինք և կազմակերպիչների ֆինանսական ներդրման շնորհիվ անվճար ստացանք օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ», - պատմել է Ջորջը:

Նա հավելել է, որ ծրագրի շրջանակում, մյուս հաղթողների հետ միասին, իրենք մեկնել են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին և մասնակցել Bio OST օրգանական սնունդ արտադրողների ցուցահանդեսին, և ինչը ամենակարևորն է՝ արտահանման վերաբերյալ պայմանագիր կնքել Գերմանիայում գործող բացառապես օրգանական սննդի վաճառքով զբաղվող խանութների ցանցի հետ:

Ընկերությունն արդեն պատրաստ է առաջ քայլելու՝ մեծացնելով արտադրությունը և խորացնելով համագործակցությունը թե՛ Բանկի, թե՛ գերմանական կողմի հետ՝ համոզված լինելով, որ դրանով ավելի լայն դռներ կբացվեն դեպի եվրոպական շուկա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---