Արցախում միջազգային երիտասարդական գիտաժողով է անցկացվում

Արցախում միջազգային երիտասարդական գիտաժողով է անցկացվում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտում մեկնարկել է«ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» միջազգային երիտասարդական գիտաժողովը: Դրան ներկա գտնվող ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը իր խոսքում գիտախողովը համարել է լավ հնարավորություն Արցախյան հիմնախնդիրն ավելի խորն ուսումնասիրելու և այն աշխարհին ներկայացնելու համար:

Գիտաժողովը կտևի մինչև սեպտեմբերի 18-ը:

«Գիտական քննարկումները՝ կապված մեր անկախ պետության կազմավորման պատմության և իրավական հիմքերի անթերիության, նրա անվտանգության, ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև այն բարդ ու դժվարին հարցերի հետ, որոնք մեր ժողովուրդը ստիպված է եղել լուծել այս բոլոր տարիների ընթացքում, հանդիսանում են այն կարևոր փորձը և նյութերը, որոնք պետք է լինեն ինչպես մեր հանրապետության ստեղծման պատճառների, այնպես էլ նրա կենսագործունեության գիտական ընկալման հիմքում»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Գիտաժողովին մասնակցում են ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները:

Գիտաժողովի ոլորտներն են՝ իրավագիտություն, պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, հոգեբանություն:Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադիր, իրավագիտության թեկնածու Ավետիք Հարությունյանի խոսքով` գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են գիտնականներ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Լեհաստանից և այլ երկրներից:

Լիագումար նիստին հանդես կգան Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, ի.գ.դ. Օտտո Լուխտենհանդտը (զեկույցի թեման` «Ադրբեջանի «բլիցկրիգը» Արցախի դեմ և միջազգային իրավունքը»), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ ամբիոնի վարիչ, փ.գ.դ Ալեքսանդր Մանասյանը (զեկույցի թեմա` «Հակամարտության պատմությունը բանակցային գործընթացներում»), Պոզնանի Անվտանգության բարձրագույն դպրոցի ամբիոնի վարիչ, ք.գ.թ. Զբիգնև Շմուրլոն (զեկույցի թեմա` «Եվրոպայի շրջագծում կամ քաղաքակրթական ուղիների կենտրոնում. Հայաստանի և Արցախի ժամանակակից մարտահրավերները Լեհաստանի բնակիչների գիտակցության մեջ») և Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը (զեկույցի թեմա` «Լեռնային Ղարաբաղում 2016թ. «ապրիլյան էսկալացիայի» որոշ ռազմաքաղաքական արդյունքներ»):

Գիտաժողովի մասնակիցները կհրավիրվեն Շուշիում կազմակերպվելիք Արցախէթնոֆեստ «Երկրի համը» միջազգային փառատոնին, ինչպես նաև կայցելեն Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի:

Կարդացեք նաև՝ Համբուրգի պրոֆեսոր. Ադրբեջանի ագրեսիան կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը

© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---