12-րդ դասարանցիները մինչև դեկտեմբերի 1-ը պետք է տնօրենին ներկայացնեն ընտրված առարկաների ցանկը

12-րդ դասարանցիները մինչև դեկտեմբերի 1-ը պետք է տնօրենին ներկայացնեն ընտրված առարկաների ցանկը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատություններում 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը հաստատելու մասին:

Ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչև դեկտեմբերի 1-ը ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողները գրավոր դիմում են հաստատության տնօրենին՝ հայտնելով 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից ընտրված առարկաների ցանկը: Միասնական քննություններ հանձնող սովորողները ցանկում ներառում են միասնական քննական առարկաները:

Եթե հաստատության ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկա(ներ) դասարանի սովորողներից ոչ մեկը չի ընտրել, ապա այդ առարկային(ներին) ուսպլանով հատկացված ժամաքանակը վերաբաշխվում է տվյալ դասարանի սովորողների կողմից ընտրված ուսումնական առարկաներին, և կազմվում է տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական պլանը:

Դասարանի ուսումնական պլանին համապատասխան` կազմվում է տվյալ դասարանի դասացուցակը: Մեկից ավելի դասարանների առկայության դեպքում կարող են ձևավորվել միևնույն առարկան ուսումնասիրող զուգահեռ դասարանների սովորողներից կազմված ուսումնական խմբեր: Այդ դեպքում տվյալ ուսումնական առարկայից անհրաժեշտ գրանցումները կատարվում են առարկայական դասամատյանում: Կիսամյակային և տարեկան գնահատականներն այնուհետև փոխանցվում են դասարանի հիմնական դասամատյան:

12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնական նյութի կրկնությունը կազմակերպվում է դասարանային (դասացուցակին համապատասխան) և արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով:

Սովորողը մասնակցում է միայն իր ընտրած առարկաների դասարանային ուսումնական պարապմունքներին: Սովորողը մասնակցում է արտադասարանային ուսումնական պարապմունքներին այն դեպքում, երբ դասացուցակով նրա շաբաթական բեռնվածությունը պակաս է 31 դասաժամից:

Սովորողի արտադասարանային պարապմունքներին մասնակցության տևողությունը որոշվում է 31 ժամի և սովորողի դասացուցակային բեռնվածության տարբերությամբ: Արտադասարանային պարապմունքներին սովորողի մասնակցությունը հաշվառվում է և գրանցվում համապատասխան մատյանում:

Արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներ են՝ ուսուցիչների կողմից տրված հանձնարարությունների կատարումը, լրացուցիչ ուսումնական գրականության և այլ աղբյուրների ուսումնասիրումը, գործնական և փորձնական աշխատանքների կատարումը, հիմնահարցերի հետազոտումը, ստեղծագործական աշխատանքը, տեխնիկական սարքերով և գործիքներով աշխատանքների կատարումը, գրավոր աշխատանքները, նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի կիրառումը, անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարումը, ուսումնական էքսկուրսիաների անցկացումը և այլն:

Սովորողն իր տնօրինմանը հատկացված 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` դրանց համար նախատեսված հաստատություններում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ աշակերտներին հնարավորություն կտրվի այն առարկաների մասով, որոնցից միասնական քննություն չեն հանձնելու, քննությունները հանձնել դեկտեմբեր ամսին: «Պարտադիր ավարտական քննություններում կրճատումներ ևս կլինեն: Հիմա քննարկվում են այդ հարցերը: Հնարավոր է, որ կմնան միայն «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայ ժողովրդի պատմություն» և «Մաթեմատիկա» առարկաները»,-ասել է ԿԳՆ Հանրակրթության վարչության պետը:

Օգոտոսի 24-ին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ասել էր, որ շատ կարևոր է, որպեսզի 12-րդ դասարանում բեռնաթափում լինի, որպեսզի կարողանանք ապագայում (բնականաբար, պատրաստվելուց հետո) որոշ կրեդիտային միավորներ իջեցնել ավագ դպրոց, որը կկարևորի նաև ավագ դպրոցի դերը: Ավագ դպրոցն այնքան էլ արդյունավետ չի գործում, քանի որ, Մկրտչյանի կարծիքով, ամբողջությամբ պահում է դպրոցական ծրագրերի ծանրաբեռնվածությունը:

Նախարարը նշել էր նաև, որ եթե համակարգն արդարեցրեց իրեն, կկարողանան հաջորդ տարվանից 12-րդ դասարանում ամբողջությամբ այս մեթոդը կիրառել, ոչ թե միայն մեկ կիսամյակ: Այս դեպքում, ըստ նրա, աշակերտը կկարողանա 12-րդ դասարանում նաև կրեդիտներ հավաքել, ինչպես նաև մասնագիտական պրակտիկա անցնել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---