Թուրքիայի հայերը դեմ են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը

PanARMENIAN.Net - Օրերս Անկարայում Թուրքիայի ղեկավարների հետ պաշտոնական հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը: Հանդիպումների ավարտին կոնգրեսականները ուղեւորվել են Ստամբուլ, որտեղ նրանք այցելել են նաեւ Պոլսո հայոց պատրիարքարան: ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակության անդամների հետ Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի հանդիպմանը, ինչպես մայիսի 31-ին տեղեկացրել է Պատրիարքարանի բանբեր «Լրաբերը», քննարկվել են «ամերիկահայերի առաջ քաշած» ցեղասպանության բանաձեւերին, Հրանտ Դինքի սպանությանը, Տրապիզոնում կաթոլիկ քահանա Սանտորոյի, իսկ Մալաթիայում երեք ավետարանականների սպանություններին, համայնքային կալվածքների վերաբերյալ նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի վետոյի ենթարկած օրինագծին, թուրք-հայկական հարաբերություններին եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանն առնչվող խնդիրներ:



Ի պատասխան կոնգրեսականի հարցին, պատրիարքն ասել է. «Ելնելով ինչպես Թուրքիա-Հայաստան միջպետական, այնպես էլ թուրք ժողովրդի հետ թուրքահայերի հարաբերություններից, դրականորեն չենք մոտենում ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված ցեղասպանության բանաձեւին: Չենք կարող ժխտել պատմական անցյալի ողբերգական իրադարձությունները: Պատմությունը երբեք չի ներելու ոչ միայն պետության դեմ ընդվզած զինյալ հայկական խմբավորումներին, այլեւ Թուրքիայի բոլոր հայերին պատժելու Իթթիհադ վե Թերաքի կուսակցության գործելակերպը: Սիրիայի անապատներում 1,5 մլն հայկական ծագումով հպատակներ են ոչնչացել: Այսօր մեր երկրում շուրջ 70 հազար հայ է մնացել: Չպետք է մոռանալ նաեւ տեղահանությունից փրկվելու համար մահմեդականություն ընդունած հայերին: Քանի որ նրանք շարունակում են հայերեն խոսել, հարազատ են մնում հայկական մշակույթին, ուստի մենք նրանց անկախ կրոնական տարբերությունից, համարում ենք մերը: Հակառակ դրան, հավանություն չենք տալիս սփյուռքահայերի այն ձեռնարկումներին, որոնք մշտապես խնդրո առարկա են դարձնում պատմական իրադարձությունները: Մենք` թուրքահայերս, մեր թուրք մահմեդական հարեւանների հետ մշտապես սոցիալ եւ առեւտրական հարաբերությունների մեջ ենք: Չենք ուզում, որ այդ կարգի բանաձեւերի պատճառով փչանան մեր հարաբերությունները մահմեդական թուրք հարեւանների հետ: Ժամանակն է ապագային միտված քաղաքականություն զարգացնել: Հայաստանի Հանրապետությունը սահմանակից է Թուրքիային: Քանի որ չի կարող խոսք լինել սահմանների փոփոխության մասին, հետեւաբար սահմանակից երկու երկրների մերձեցումը մեծապես շահագրգռում է Թուրքիայի հայերին: Թուրքիայի Հանրապետությանը կապված ենք քաղաքացիությամբ, իսկ Հայաստանի հետ ունենք մշակութային եւ կրոնական կապեր: Մենք` թուրքահայերս, անդորրից բացի այլ բան չենք ուզում: Մինչդեռ սփյուռքի անզուսպ մոտեցումները այդ անդորրը խաթարող բնույթ են ստացել», հաղորդում է «Ազգը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---