Ծաղկաձորը` յուրահատուկ ձմեռային հանգստավայրերի RBC-ի ցանկում

Ծաղկաձորը` յուրահատուկ ձմեռային հանգստավայրերի RBC-ի ցանկում

PanARMENIAN.Net - Ռուսական ՌԲԿ-ն (RBC) առանձնացրել է 5 յուրահատուկ ձմեռային հանգստավայր, որտեղ կարելի է անցկացնել ձմեռային արձակուրդը: Առաջինն այդ ցուցակում Հայաստանն է իր Ծաղկաձորով:

Նշվում է, որ խորհրդային տարիներին համարվում էր, որ Ծաղկաձորում ավելանում է հեմոգլոբինի մակարդակը, ուստի այստեղ էին մարզվում այն ժամանակվա օլիմպիական չեմպիոնները: Այսօր Ծաղկաձորի լանջերը հագեցած են նորագույն ճոպանուղիով և բաժանված են 3 հատվածի` վերին և ստորին, որոնք նախատեսված են հմուտ լեռնադահուկորդների համար, իսկ միջինը հանդարտ սահքի սիրահարների համար է:

Նշվում է, որ Ծաղկաձորում կարելի է հանգստանալ նոյեմբերից ապրիլ: Դահուկների վարձակալումն օրական 13 եվրո է, 4-5-աստղանի հյուրանոցում գիշերակացը` 70 եվրո:

«Եթե եղանակի առումով բախտներդ բերի, ապա գագաթից հնարավոր կլինի տեսնել Արարատի և Սևանա լճի ցնցող պատկերները: Ադրենալինի սիրահարները կհավանեն Թեղենիսի կտրուկ լանջերը, հeliskiing-ն (լեռնադահուկային մարզաձև) Արագածի գագաթին, ուր կարելի է հասնել միայն ձնագնացներով, իսկ ռիսկի սիրահարներին դուր կգա բոբսլեյի նախկին մրցուղին»,-գրում է կայքը: Որպես լեռնային հանգստավայրի առավելություն նշված են սակավամարդ լինելը, համեղ կերակուրներն ու տեղաբնակների հյուրասիրությունը:

Իսկ որպես լավագույն apres-ski (հանգիստն ու զվարճանքները դահուկավազքից հետո) առաջարկվում է Օսիպ Մանդելշտամի Հայաստանին նվիրված շարքի բանաստեղծությունների ընթերցանությունը, որոնց զգալի մասը նա գրել է Ծաղկաձոր իր այցելության ժամանակ: «Իսկ ընթերցանությունը կարելի է զուգակցել հայկական կոնյակ ըմպելով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Յուրահատուկ ձմեռային հանգստավայրերի թվում ընդգրկվել են նաև Նորվեգիան, Իսպանիան իր հայտնի դահուկային կենտրոններով, Ռուսաստանն ու Սլովենիան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ծաղկաձորն ընդգրկվել է Ամանորին ռուսաստանցիների նախընտրած ԱՊՀ և մերձավոր արտերկրի լեռնադահուկային հանգստավայրերի առաջին 5-ում: Նման տվյալներ է ներկայացնում հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը: Վարկանիշը կազմվել է 2016-ի դեկտեմբերի 30-ից մինչև 2017-ի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և կացարանների որոնման և ամրագրման տվյալների հիման վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---