Նախարարի կոչը պատգամավորներին՝ թվարկել «բանակը թալանածների» անունները

Նախարարի կոչը պատգամավորներին՝  թվարկել «բանակը թալանածների» անունները

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում նոյեմբերի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին փաթեթի նախագիծը:

ՀՀ կառավարության նոյեմբերի 11-ի նիստում որոշվել է, որ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար նախատեսված հատուկ կառույց կստեղծվի, որին կուղղվի յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրամաշնորհային վճարը:

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով այն հասարակական կարծիքին, որ վիրավոր զինծառայողների և զոհված զինվորների ընտանիքներին աջակցությունը պետք է կազմակերպվի «թալանված գումարները հետ վերադարձնելու միջոցով», ասել է.

«Բոլոր նրանց, ում կարծիքով թալանված, ոչ արդյունավետ օգտագործված միջոցները պետք է հետ բերել, ուզում եմ ազնիվ ու բաց ասել. կողմ և ուրախ կլինեմ, եթե յուրաքանչյուր պատգամավոր, ինչպես նաև պետական կառավորման համակարգում դրա համար ավելի ուղիղ պատասխանատվություն ունեցող մարմիններն անուն առ անուն թվարկեն բոլոր նրանց, ովքեր փորձել են պաշտպանական բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների և օջախների ենթադրյալ երջանկությունը։ Խորապես վստահ եմ, որ դա անհնար է իրավական, բարոյական պատճառներով: Բայց եթե նման մարդիկ կան, պետք է պատժվեն, ու այդ գումարները պետք է վերադարձվեն»:

Նախարարի խոսքով, պետական բյուջեից նման ծրագրի իրականացումը կլիներ պոպուլիստական քայլ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Նա նաև տեղեկացրել է, որ ամսեկան աշխատավարձից 1000 դրամ չեն վճարելու այն անձինք, որոնց ընտանիքներում ծառայող, վիրավորված կամ զոհված զինվոր կա:

2017թ հունվարի 28-ից հետո առաջացած մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Այնուհետև, եթե զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է և երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն և համապատասխանաբարար՝ 250, 150 և 100 հազարական դրամ։ Նախատեսվում են նաև այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու և այլ դեպքերի համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---