Մայրաքաղաքի 97 բենզալցակայանում տեսչական ստուգումներ են իրականացվել

Մայրաքաղաքի  97 բենզալցակայանում տեսչական ստուգումներ են իրականացվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցությանը փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին:

Հաշվետու ժամանակահատվածում փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 70 դեպքի. ինչպես նաև՝ նոյեմբերի 14-18-ը Երևան քաղաքում իրականացվել են քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր ստուգումներ:

Անդրադառնալով նախարարի՝ գազալցակայաններում և բենզալցակայաններում իրականացվող ստուգումների հանձնարարականին՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը զեկուցել է Երևան քաղաքի բենզալցակայանների ստուգումների արդյունքների մասին:

Ներկայացնելով ամփոփ տվյալները՝ Մկրտչյանը հավելել է, որ արդեն 97 բենզալցակայանում իրականացվել են ստուգումներ և կազմվել են համապատասխան արձանագրություններ. հիմնական խախտումները քաղաքաշինության նորմերի պահպանման ոլորտում են:

Նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է շարունակել ստուգումները և խախտումներ արձանագրելու դեպքում անմիջապես զեկուցել:

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 10:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այրվել է բենզալցակայանում կայանված «ԶԻԼ» մակնիշի 377LL64 (վարորդ Հ. Թ., ծնվ.1960թ.) պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայի 2 հաշվիչ՝ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ (տանիքի ծածկը, պատուհաններ, դուռ, հագուստ):

Տարբեր աստիճանի այրվածքներով «Թիվ 1 համալսարանական կլինիկա» է հոսպիտալացվել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Թ.-ը, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Իսկ բենզալցակայանի աշխատակից Զ. Ա.-ը (ծնվ. 2000թ.) դեմքի շրջանում ստացել է այրվածքներ, ում բժիշկները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ճանապարհների անցանելիության և ուսումնական վարժանքների կազմակերպման մասին։

Գեղարքունիքի ՄՓՎ պետն իր զեկույցում կրկին անդրադարձել է հոկտեմբերի 31-ին Սևանա լճում անհետացած երիտասարդներից մեկի որոնողական աշխատանքներին: ՄՓՎ պետի փոխանցմամբ՝ արդեն 22-րդ օրն է շարունակվում են երիտասարդի որոնողական աշխատանքները: Ամեն օր որոնողական աշխատանքներն ընդլայնվում են 500 մետրով, մոտորանավակներով փրկարարները շրջում են ափամերձ տարածքներում: Նախարար Երիցյանի հանձնարարությամբ՝ ջրափրկարարական գույքը համալրվել է ստորջրյա սկուտերով, որն աշխատում է մինչև 40 մ խորությամբ և կարող է 75 րոպե մնալ ջրում: Սկուտերը հնարավորություն կտա ջրասուզակին արագ և առավել լայն շառավղով իրականացնել որոնողական աշխատանքները, ինչպես նաև՝ խնայել ուժերը:

ՄՓՎ պետը նշել է նաև, որ խստորեն հետևում են նախարարի հանձնարարականին՝ ըստ որի որոնողական աշխատանքերը չեն դադարի և կշարունակվեն այնքան, որքան եղանակային պայմանները թույլ կտան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---